կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Արմեն Մուրադյանը շնորհակալագրեր է հանձնել «Մուրացան» հիվանդանոցի բռնության ենթարկված մանկաբույժին և անվտանգության աշխատակիցներին

Արմեն Մուրադյանը շնորհակալագրեր է հանձնել «Մուրացան» հիվանդանոցի բռնության ենթարկված մանկաբույժին և անվտանգության աշխատակիցներին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի էջում գրառմամբ անդրադարձել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 35-ամյա տղամարդու կողմից խուլիգանություն կատարելու և նույն հիվանդանոցի անվտանգության աշխատակցին  ծեծի ենթարկելու դեպքին:

«Բժշկի, բուժաշխատողի հանդեպ բռնության ցանկացած դրսևորում որևէ արդարացում կամ բացատրություն չի կարող ունենալ և այն հարիր չէ մեր հասարակությանը:

Բացարձակ կողմնակից չեմ, որ քննարկվի, թե ինչու է տեղի ունեցել այս միջադեպը, առավել ևս՝ կնոջ, առավել ևս՝ երեխայի ներկայությամբ: Իմ հարգանքի և կարեկցանքի խոսքերն եմ արտահայտում բժշկի հանդեպ, որը շարունակել է երեխային բուժօգնություն ցուցաբերել, իսկ տեղի ունեցածը պետք է լինի իրավապահների տիրույթում և հասարակական պարսավանքի արժանանա, համընդհանուր ուժերով հեռացվեն նման երևույթները մեր ժողովրդի կենցաղից, մեր մշակույթից: Նման դեպքերի պատճառ են հանդիսանում հասարակության մեջ առկա խոր հոգեբանական խնդիրները, որոնք պարբերաբար նման զազրելի դրսևորումներ են ունենում:

Բժշկի օրինակը, երբ բուժօգնություն է տրամադրել երեխային՝ չնայած իր հանդեպ կատարված վիրավորական, վտանգավոր կեցվածքին, օրինակելի է ապագա բժիշկների, ուսանողների համար:

Հատուկ շնորհակալություն հայտնեցի նաև անվտանգության աշխատակիցներին, որոնք պատերազմից հետո վերադառնալով՝ աշխատել են համալսարանական հիվանդանոցում և խիզախություն են դրսևորել՝ պաշտպանելով բժիշկներին և երեխաներին:

ԵՊԲՀ-ի կողմից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ընդունարանի և անհետաձգելի բուժօգնութան ծառայության մանկաբույժ Կարինե Թադևոսյանին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պահպանության ծառայության ավագ տեսուչ Գևորգ Սարգսյանին և հերթափոխի տեսուչ Ֆրունզ Մխիթարյանին շնորհակալագրեր հանձնեցի անձնվեր, բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար»,- գրել է Մուրադյանը:

Հիշեցնենք՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ընդունարանում Երևանի 35-ամյա բնակիչը անհիմն վիճաբանել է նույն հիվանդանոցի բժշկուհու հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է նրա դեմքին:

Բացի այդ, հաջորդ օրը՝ ժամը 00:35-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը նշված հիվանդանոցի դիմաց իր ընկերների հետ վիճաբանել է նույն հիվանդանոցի անվտանգության աշխատակցի հետ, որի ընթացքում մի քանի անգամ ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Երևանի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է:

  • Կիսվել: