Արմավիրում Toyota Camry-ն մխրճվել է հոտի մեջ. 31 գառ տեղում սատկել է, 7-ը՝ վիրավորվել
Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Էջմածին քաղաքի բնակիչ, 28-ամյա Սարգիս Գևորգյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, մխրճվել է գառների հոտի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գառներից 31-ը սատկել են , 7-ը՝ վնասվածքներ են ստացել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ոստիկանությունը պարզում է սատկած գառների տերերի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: