Արմավիրի մարզում բախել են Ford Transit-ն ու ռուսական համարանիշներով 07-ը. վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզից դեպի Հացիկ գյուղ տանող կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վարած Ford Transit մակնիշի և 69-ամյա Վանուշ Հովհաննիսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 58-ամյա Եկատերինա Գոնչարովան և 35-ամյա Գայանե Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 նարտական հաշվարկով:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները , փակել 07-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի 1-ին դասակի տեսուչներ Արթուր Գինոսյանն ու Ալբերտ Առաքելյանը: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: