շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Արջերի փրկությամբ զբաղվող FPWC կազմակերպությունը Վայոց Ձորում բաց թողնված արջին ետ է վերադարձրել․ հյուծված և ուժասպառ վիճակում  

Արջերի փրկությամբ զբաղվող FPWC կազմակերպությունը Վայոց Ձորում բաց թողնված արջին ետ է վերադարձրել․ հյուծված և ուժասպառ վիճակում  

Վայոց Ձորի Գնիշիկ, Մոզրով, Արփի համայնքներում այս տարվա գարնանից գյուղացիների համար պատուհաս դարձած մայր արջին հյուծված վիճակում են գտել և վերադարձրել են նորից վանդակ։

Դաշա անունով այս արջին գարնանը Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամ - FPWC –  էր բաց թողել։ Արջն Արարատի մարզում Ուրցաձոր համայնքի տարածքում գտնվող կենդանիների ապաստարան էր տեղափոխվել մասնավոր ձեռնարկատերի մոտից։ Արջին, որը երբևիցե բնության մեջ ազատ չեր ապրել, ծնվել և մեծացել էր անազատության պայմաններում, իր երկու Լուկա և Կոկո ձագուկներով, FPWC – ի որոշմամբ բաց էին թողել Գնիշիկ խոշորացված համայնքի տարածքում, Նորավանքի կիրճի տարածքին մոտ։ Մայիսի 9 – ին բելգիացի կամավորական Տինի Արտն (Tiny Arts) իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածում այս արջերի բաց թողման մասին, նշելով որ մայր արջը ունի ռադիոհաղորդիչ վզկապ, իսկ ձագերը ոչ։

Վզկապի արկայությունը թույլ կտար հետևել արջերի շարժին և տեղեկանալ նրանց որպիսիության մասին։ Արջերին բաց թողնելուց մի քանի օր հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունում գյուղացիներից սկսեցին ահազանգեր ստանալ գյուղից տնային կենդանիների վրա հարձակումների մասին։ Ամենա շատ ահազանգերը Արփի համայնքից եղան, ինչի մասին լրատվամիջոցները բազմիցս հրապարակումներ արդեն արել են։ Բնապահպանական  FPWC կազմակերպությանը, որի ղեկավարն է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրեցին արջերի գյուղ մուտք ու ելք անելու, հավերի, նապաստակների վրա հարձակվելու մասին։ Կազմակերպության անդամները սակայն Արփի համայնք այցելելուց հետո հաղորդագրություն տարածեցին, թե գյուղում ավերումներ անող արջը իրենց կողմից բաց թողնված Դաշան չէ։ Նրանք նաև խուսափեցին նույնականացնել Արփի մտնող մոտ երկուսուկես-երեք տարեկան արջին Դաշայի ձագերից մեկի հետ, թեպեթ կաթնասունների մասով կենդանաբան-մասնագետները հավանական էին համարում, որ Դաշայի ձագերը արդեն մորից առանձնացած պետք է լինեին և հնարավոր է Արփի մտնում է հենց Դաշայի ձագերից մեկը։

Քանի որ FPWC - ը հրաժարվել էր արջին իրենցը ճանաչել և փաստացի խուսափել պատասխանատվություն ստանձնելուց, արջերի գյուղ մուտքը բնակիչները ստիպված եղան ինքնուրույն խոչընդոտել գիշերային հերթապահություններ կազմակերպելով, ինչի մասին ավելի վաղ Արփի գյուղի վարչական ղեկավար Գագիկ Հովսեփյանը  տեղեկացրել էր «Էկո-մեդիա» լրագրողական ցանցին։ Ըստ Հովսեփյանի, արջի խնդրով սկսեցին զբաղվել նաև Բնության համաշխարհային հիմնադրամի  WWF – Հայաստանի գրասենյակի մասնագետները։ WWF  - ի ղեկավար, Կարեն Մանվելյանը անթույլատրելի էր համարել, անազատության մեջ մեծացած մոտ 9-10 տարեկան արջին, առանց կենդանաբանների հետ խորհրդակցելու բաց թողնել մարդաբնակ վայրում, այն էլ զբոսաշրջության ակտիվ նորավանքյան արահետների տարածքում։ Զբոսաշրջիկները կարող էին հանդիպել արջերից մեկին  և հանդիպումը ողբերգական ավարտ ունենար, ինչը որ վերջերս տեղի ունեցավ Արագած լեռան վրա լեհ զբոսաշրջիկի հետ։ Ըստ Մանվելյանի, այդ տարիքի վանդակում մեծացած գիշատիչ կաթնասունը չէր կարող առանց նախապես պատրաստվելու-վարժեցվելու ընտելանալ ազատ կյանքին, կերի ինքնուրույն հայթայթմանը։ Դրանով է նաև պայմանավորված եղել, որ արջերը պարբերաբար մտել են գյուղ, հեշտ սնունդ հայթայթելու և ավիրել նապաստակների և հավերի բները։

Ի վերջո FPWC  - ը մայր արջին, որը ռադիոհաղորդիչ վզկապ ուներ պարանոցին հյուծված և հազիվ կենդանի վիճակում Գնիշիկ համայնքի տարածքից վերցնում է և տանում հետ արջերի իրենց կեցավայր։ Դաշայի ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն առայժմ չկա։ FPWC – ի և ոչ մի հեռախոսահամար չի պատասխանում զանգերին։ Ավելին, Ուրցաձոր համայնքային տարածքում «Խոսրովի անտառ» պետարգելոցի երկու զբոսաշրջիկների և կենդանիների ապաստարան այցելեցինք, որոնք Ռուբեն Խաչատրյանի անունով են վարձակալված, կամ սեփականություն ձևակերպված (ստույգ տեղեկություն անշարժ գույքի վերաբերյալ FPWC հրաժարվում է տրամադրել)։ Ցավոք մի դեպքում լրագրողի այցելությունը որակավորելով որպես «սեփական տարածք ներխուժում» ոստիկանական խումբ կանչելով ավարտվեց, իսկ երկրորդ դեպքում ուղղակի դռները չբացվեցին լրագրողի առաջ, իսկ FPWC  - ի աշխատակիցները ճողոպրեցին լրագրողից։ Այցելության նպատակն էր․ FPWC – ից բանավոր, կամ գրավոր տեղեկություն չստանալով, արջերի և Երևանի կենդանաբանական այգուց երկու տարի առաջ Ուրցաձոր տեղափոխված միակ բազմացող գոռնանգղերի զույգի որպիսիության մասին սեփական աչքով տեսնել և տեղեկանալ, որ նրանք կենդանի են և լավ են իրենց զգում։

Այն որ Երևանի կենդանաբանական այգու տնօրենի և նախկին աշխատակիցների միջև կոնֆլիկտ կա, արդեն հայտնի է գրեթե բոլորին։ Սակայն հարց է ծագում․ այգում բազմատեսակ և մասսայական կենդանիների անկման, նաև հազվադեպ կենդանիների օտար երկրներ ուղարկելու, կամ սպանդի, այսինքն էվթանազիայի ենթարկելու դեպքերի մասին լրատվամիջոցների հրապարակումներին ինչո՞ւ այդպես էլ ընթացք չտրվեց, ոչ Երևանի քաղաքապետարանի կողմից, ոչ էլ իրավապահ մարմինների, թեպետ մեկ տարի առաջ նոր քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ այգու խնդիրը մասնագետների խումբ կազմելով կլուծի։ Այդ խումբը այդպես էլ չկազմվեց, իսկ այգու բյուջեն շրջանցելով Երևան քաղաքի ինքնակառավարման մասին օրենքը տրամադրվեց այս տարի ոչ թե քաղաքապետարանի մշակույթի բաժնին, այլ Շրջակա միջավայրի նախարարությանը։

Նարինե Կիրակոսյան

  • Կիսվել: