ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արհեստական բանականությունը չի համեմատվի Բաբաջանյանի հետ, բայց այն այսօր մեզ պետք է. Սմբատյան

Արհեստական բանականությունը չի համեմատվի Բաբաջանյանի հետ, բայց այն այսօր մեզ պետք է. Սմբատյան

Հանրապետության հրապարակում այսօր կայացավ «WCIT» նվագախմբի առաջին բաց փորձը: Այն յուրահատուկ էր առաջին հերթին նրանով, որ աշխարհի 15 երկրներից համախմբված երաժիշտները նվագեցին նաեւ արհեստական բանականության ստեղծած երաժշտություն:

 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմաբատյանը, խոսելով նվագախմբի մասին, նշեց. «Նվագախումբը դուրս կգա բեմ՝ առանց իմանալու, թե ինչ է նվագելու: Կազմում ներառված են երաժիշտներ՝ շուրջ 14 երկրից, որտեղ կայացել է «WCIT»-ն: 15-րդ երկիրը Հայաստանն է: Նրանք բոլորը փայլուն երաժիշտներ են, բայց նրանց այստեղ հրավիրելիս հաշվի ենք առել ոչ միայն նրանց երաժշտական տաղանդը, այլեւ տեսլականը: Այն ծրագիրը, որը մենք աշխարհին ուղարկելու ենք Հայաստանից, կփաստի, որ Հայաստանը հանդիսանում է այն երկիրը, որն ունի հստակ պատկերացում արհեստական բանականության կոնցեպտի վերաբերյալ»:

Դիրիժորն ընդգծեց, որ համերգին բազմաբովանդակ երաժշտություն է հնչելու. «Սկզբում կներկայացնենք «WCIT»-ի հիմնը, որը նույնպես մեր մոդելի՝ արհեստական բանականության շնորհիվ ստացել ենք 15 երկրների երաժշտության միքսերով: Գենետիկ փունջ է ստացվել: Կհնչեն ստեղծագործություններ Խաչատրյանից, Բաբաջանյանից, Մանսուրյանից՝ երաժշտություն, որը  մենք սիրում ենք: Փորձել ենք ներկայացնել դասական կոնցեպտի մեջ ամենասիրվածները»:

Սմբատյանն անդրադարձավ արհեստական բանականության միջոցով ստեղծվող գործին՝ նշելով. «Արհեստական բանականությունը 21-րդ դարի այն մարտահրավերն է, որը կարող է փոխել մեր կյանքը: Իհարկե, ոչ ոք չի համեմատի արհեստական բանականությունը Բաբաջանյանի կամ այլ հայտնի կոմպոզիտորների երաժշտության հետ, բայց դա ինչ-որ ձեւաչափ է, որն այսօր մեզ պետք է: Ես շատ չեմ հասկանում այս ոլորտից, բայց մի բան եմ գիտակցում, որ Հայաստանն այդ ամենաքննարկվող թեմայի մեջ առաջարկում է շատ հստակ ձեւաչափ եւ նորություն, որն արվեստի մասին է: Սա արվետի ֆորմատի մեջ նորություն է, ինչը կարեւոր է, որ Հայաստանում մենք ստեղծում ենք նորություն արվեստի շուրջ: Դա մեզ համար մեծագույն ձեռքբերում է: Շատ կարեւորում եմ, որ «WCIT»-ն որոշեց իր բացումը Հայաստանում արվեստով սկսել, ինչը երբեք չէր եղել»:

Փորձին ներկա ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նույնպես կարևորեց այն հանգամանքը, որ այս ամենւ տեղի է ունենում հենց Հայաստանում:

«Ծրագիրը քննարկել ենք պարոն Սմբատյանի հետ համատեղ. միտքը եղել է նրանը: Այս պահին գոհ եմ արված աշխատանքից, եւ անում ենք հնարավորինս, որ մինչեւ վերջին օրն ամեն ինչ լավ ընթանա: Շատ ազդեցիկ մարդիկ են ներառված լինելու բացմանը»,-նշեց Եսայանը:

Եսայանը, պատասխանեով Քիմ Քարդաշյանի հնարավոր ներկայության մասին, ասաց, որ իրենք նրան հրավիրել են և հույս ունեն, որ նա ներկա կլինի համերգին:

Նշենք, որ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 9-ը:

Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 6-ին կանցկացվի «WCIT»-ի բացման պաշտոնական համերգը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: