ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Առեղծվածային դեպք Երևանում․ Շենգավիթի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել են մոր և դստեր դիեր․ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Առեղծվածային դեպք Երևանում․ Շենգավիթի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել են մոր և դստեր դիեր․ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր՝ մարտի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի փողոցի 26 շենքի 44 բնակարանի բնակիչները մի քանի օր է չեն արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գեղամ Բաբայանն ու Սամվել Հակոբյանը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են 2 դի։

Ահազանգով ժամանել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են և հավանաբար նրանք մահացել են օրեր առաջ։ 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բնակարանը, որտեղ հայտնաբերվել են դիերը, գազաֆիկացված չի եղել, սակայն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Տրանսգազ»-ի ներկայացուցիչները։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն և պարզվում են մահացածների ինքնությունը։

  • Կիսվել: