հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արդյո՞ք աշխատանքը կորցրած մարդկանց ԱՄՀ-ից վերցրած միջոցներից աջակցություն կտրամադրվի. Մարուքյան

Արդյո՞ք աշխատանքը կորցրած մարդկանց ԱՄՀ-ից վերցրած միջոցներից աջակցություն կտրամադրվի. Մարուքյան

«Վստահ եմ, որ դուք տեղյակ եք՝ մենք առաջարկում էինք քաղաքացիներին ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերվի համավարակով պայմանավորված տնտեսական այս ծանր ժամանակաշրջանում։ Հիմա մենք վարկային շատ մեծ միջոցներ ենք ներգրավվում, արդյո՞ք պլանավորվում է իրենց աշխատանքը, եկամուտը կորցրած, արտագնա աշխատանքի չմեկնած մարդկանց ֆինանսական աջակցություն տրամադրել»,- այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին։

Հիշեցնենք, որ փոխնախարարը ներկայացնում էր Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավվման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Այսպիսով,  ՀՀ կառավարությունը նախատեսում է 315 մլն դոլարի բյուջետային վարկ վերցնել ԱՄՀ-ից։

Էդմոն Մարուքյանը նշեց նաև, որ, ըստ էության, այդ վարկը վերցնում են քաղաքացիների հաշվին, քանի որ այդ վարկը Հայաստանի քաղաքացիներն են մարելու։

Ֆինանսների փոխնախարարն ասաց, որ խորհրդարանն արդեն իսկ հաստատել է ծախսերի այն ուղղությունը, որ կառավարությունը պետք է իրականացնի։ Այս վարկային միջոցի ներգրավվումն, ըստ նրա, ուղղակի հնարավորություն է տալիս կյանքի կոչել կառավարության կողմից ներկայացված և ԱԺ-ի կողմից հաստատված «Պետական բյուջեի մասին» օրենքում իրականացված փոփոխությունները։

«Բոլոր այն միջոցառումները, որոնք հաստատված են ԱԺ-ի կողմից և ներառված են պետբյուջեի մասին օրենքում, բնականաբար, դրանք իրականացվելու են։ Կոնկրետ ծրագրի հետ փոխկապակցված չէ այս վարկը։ Երբ հարկերը նվազում են, իսկ մյուս կողմից կառավարությունը ծախսերը մեծացնում է, լրացուցիչ միջոցներ են պետք, որպեսզի հնարավոր դառնա կատարել բյուջեով նախատեսված ծրագրերը»,- նշեց Արմեն Հայրապետյանը։

Էդմոն Մարուքյանն էլ արձագանքեց՝ արդյոք այդ հաստատված ծրագրերից որևէ մեկով քաղաքացիներին տրվելու է ուղղակի ֆինանսական աջակցություն։ «Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք կորցրել են աշխատանքը, եկամուտը կամ արտագնա աշխատանքի գնալու հնարավորությունը և հիմա գտնվում են ծանր սոցիալական ճգնաժամի մեջ։ Նաև որքանով հիշում եմ, կոմունալները վճարելու մասին ևս խոսք կար նախագծում»,- ասաց պատգամավորը։

Արմեն Հայրապետյանն ասաց, որ այս միջոցների ներգրավումը հնարավորություն կտա երկրում ունենալ կայուն ֆինանսական իրավիճակ հաստատված բոլոր ծրագրերի համար։

«Թե ինչպիսի ծրագրեր են հաստատված և ինչպիսիք դեռ կհաստատվեն, ես դժվարանում եմ ասել»,- ընդգծեց փոխնախարարը։

  • Կիսվել: