ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանին հանդուրժում են, որ հեղափոխության առաջնորդներից մեկն է, այլ արժանիք նա չունի. Անի Սամսոնյան

Արայիկ Հարությունյանին հանդուրժում են, որ հեղափոխության առաջնորդներից մեկն է, այլ արժանիք նա չունի. Անի Սամսոնյան

Անկախ նրանից, մեր պաստառի բովանդակությունն իրենց դուր է գալիս, թե ոչ, իրենք չեն կարող խոչընդոտել, որ պաստառը ներս տանենք ԱԺ նիստերի դահլիճ, որովհետեւ որեւէ մեկն այստեղ չի կարող գրաքննություն իրականացնել: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով իրենց պաստառը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հրահանգով թույլ չեն տվել տանել նիստերի դահլիճ:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո Արարատ Միրզոյանի թույտվությամբ պատգամավորները պաստառը մտցրեցին խորհրդարան։ Նշենք, որ պաստառի վրա Արայիկ Հարությունյանի նկարն է և գրված է՝ «Քայլ արա, դուխով հեռացիր»:

Անդրադառնալով միջադեպին՝ Անի Սամսոնյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանը ինքնագործունեությամբ էր զբաղված։

Պատգամավորը նշեց, որ պաստառը այժմ նիստերի դահլիճում է և այնտեղ կմնա ողջ օրվա ընթացքում:

«Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, նրան անվստահության հարցը ամենաբնական պահանջն է հանրության կողմից: Տեսեք ինչ է կատարվում դպրոցներում, բուհերում, գիտության հետ առհասարակ, իսկ մշակույթի և  սպորտի մասին կարելի է պարզապես լռել: Այս բոլոր հարցերի մասին այսօր խոսելու ենք: Երկու տարվա ընթացքում նա մանկավարժական գիտական հանրույթի հանդեպ ծաղրանքից, հեգնանքից, հրապարակային և ոչ հրապարակային նվաստացումներից, բարեփոխումների իմիտացիայից, տնօրեններին ոչ իրավական ճանապարհներով հեռացնելուց,  ՀՀԿ-ական տնօրենների դեմ խտրական պայքար մղելուց ոչինչ չի արել»,- ընդգծեց Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով, այդ հարցերն այսօր կբարձրացնի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, իսկ նախարարի խնդրով կառավարությանն ուղարկած իրենց հարցապնդման պատասխանները գոհացնող չեն:

Նա նաև ասաց, որ այսօր ԲՈւՀ-երում քաոս է, այնտեղ չեն կարողանում ռեկտոր ընտրել Արայիկ Հարությունյանի միջամտության պատճառով։ Դրանով, ըստ նրա, չի կատարվում նաև կրթական համակարգը ապաքաղաքականացնելու՝ նախարարի տված խոստումը:

«Արայիկ Հարությունյանին իշխանության ներսում, այս դահլիճում նստած 88 հոգին հանդուրժում են միայն նրա համար, որ նա հեղափոխության առաջնորդներից մեկն է։ Այլ արժանիք, որպես ոլորտի պատասխանատու, այդ անձը չունի: Բոլորը գիտեն, որ նա Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդն է, դրա համար լռում են: Բայց կրթությունն այն հարցն է, որ նրանք չպիտի լռեն: Ես հասկանում եմ, որ նրանց ստիպում են: Այն, որ Ա.Հարությունյանը խոստովանել է՝ իրեն պահում են միայն նրա համար, որ հեղափոխության առաջնորդ է, ես կարծում եմ՝ սա խոսում է նրա մասին, որ Հայաստանում ոլորտները կառավարում են միայն այն մարդիկ, ում արժանիքը միայն հեղափոխության առաջնորդ լինելն է, կամ քայլելն է»,- հայտարարեց Անի Սամսոնյանը։

  • Կիսվել: