Արարատի մարզում անասնագոմը վերածվել է մոխրի, 20-ից ավելի կենդանի է սատկել
Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշար գյուղի Իսահակյան փողոցի 23 հասցեում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել, իսկ անասնագոմում էլ կան անասուններ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիները փորձել են հսկայական կրակի դեմ իրենց ուժերով պայքարել:
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում էր մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանը: Հրշեջներն ու գյուղացիները, մարելով կրակը, անասնագոմում հայտնաբերել են սատկած 5 հատ կով, 8 հատ ցուլ, 1 հատ հորթ, 1 մայր խոզ, 7 հատ խոճկորներ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մաթևոսյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Սամվել Խմելյանը:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ անասնագոմը գտնվում էր նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Կարեն Աբրահամյանին պատկանող տան հետնամասում:
Դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզպետարանի ներկայացուցիչը, ով սակայն հայտնեց, որ մարզպետարանը եթե օգնի՝ «քարը տրաքի» մի 100 հազար դրամով, մինչդեռ տուժած քաղաքացին կրել է 25-30 մլն դրամի վնաս ու ոչ միայն կորցրել է անասուններ, այլև անասնագոմի տանիքում պահեստավորված մոտ 800 հակ խոտ:
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ընտանիքը, որ տուժեց այս հրդեհից, գյուղում հարգված մարդկանցից են ու գտնվում են սոցիալապես անապահով վիճակում: Վարկային կազմակերպությունից վարկ էր վերցրել և առավոտից իրիկուն «կռիվ տալով» աշխատում էր: Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես կրակի մատնվեց անասնագոմը: Բոլոր անասունները սատկել են, այդ թվում՝ մի քանի մայրացուներ:
Ուզում ենք հավատալ, որ մարզպետարանը ն ու կառավարությունը օգնության ձեռք կմեկնեն, բայց մարզպետարանի ներկայացուցիչն ասեց, որ մարզպետը հնարավորություն չունի: Ստացվում է՝ գյուղացին, ով իր հանապազօրյա հացը վաստակում է առավոտից իրիկուն քրտնաջան աշխատելով՝ հիմա մնալու է միայնակ:
Գոնե գտնվեն բարի կամեցող մարդիկ և այս ընտանիքին օգնության ձեռք մեկնեն: Ուզում ենք այդ մի հարցում հավատանք, որ կգտնվեն նմանատիպ մարդիկ, հակառակ դեպքում՝ մարդ հաստատ մինչև խելագարություն կհասնի»: