ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Արարատի մարզում ամուսինները տուն վերադառնալիս նկատել են, որ իրենց տան մոտ վիճաբանություն է․ հնչել են կրակոցներ

Արարատի մարզում ամուսինները տուն վերադառնալիս նկատել են, որ իրենց տան մոտ վիճաբանություն է․ հնչել են կրակոցներ

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 28-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչները 52-ամյա Ռոբերտ Գ․-ի, 29-ամյա Սերժ Դ․-ի, և 32-ամյա Վանուշ Վ․-ի միջև, որի ընթացքում Սերժ Դ․-ն և Վանուշ Վ․-ն ծեծի են ենթարկել Ռոբերտ Գ․-ին, իսկ վերջինս նախազգուշական կրակոց է արձակել օդ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Տեր-Մարգարյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:

Արդեն տեղում Ռոբերտ Գ․-ի կինը, Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Կարինե Պ․-ն և Ռոբերտ Գ․-ն հայտնել են, որ հուլիսի 27-ին ժամը 23։15-ի սահմաններում տուն վերադառնալու ժամանակ նկատել են իրենց տան հարևանությամբ վիճաբանող անձանց, որոնք նաև բարձրաձայն հնչեցրել են հայհոյանքներ և Ռոբերտ Գ․-ն մոտենալով նրանց նկատողություն է արել վերջիններիս, որից հետո Սերժ Դ․-ն և Վանուշ Վ․-ն հարվածներ են հասցրել Ռոբերտ Գ․-ին, իսկ նա իր անվամբ հաշվառված «Վալտեր» տիպի գազային ատրճանակից նախազգուշական կրակոց է արձակել դեպի օդ:

 Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վիճաբանությանը մասնակից է եղել նաև Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Արման Մ․-ն:

 Ոստիկանությունը ձեռնարկվում է միջոցառումներ Սերժ Դ․-ին, Վանուշ Վ․-ին և Արման Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

 Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: