հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Այսուհետև տեղեր չլինեն, որոնք ներառված չեն շինբարեկարգման նախագծում. Տիգրան Ավինյանը՝ Արամ Մանուկյանի հուշարձանի հարակից տարածքի վերաբերյալ

Այսուհետև տեղեր չլինեն, որոնք ներառված չեն շինբարեկարգման նախագծում. Տիգրան Ավինյանը՝ Արամ Մանուկյանի հուշարձանի հարակից տարածքի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավորական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Շինարարության և բարեկարգման վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանից հարց ուղղեց այն խոսակցությունների մասին, թե արդյոք ճիշտ են խոսակցությունները, թե Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի հուշարձանի վերականգնողական աշխատանքը բավարար որակով չի կատարվել:

Ըստ Խորեն Գրիգորյանի՝ իրականում մանիպուլյացիա է, թե կատարված աշխատանքները որակով չեն եղել.

«Դեռևս անցած տարվա գործակարգավարական նիստերի ժամանակ քննարկվել ու փաստվել է, որ որոշակի հատված ծավալաթերթում շինարարության մեջ ներառված չի եղել ու դրա համար մենք առանձին մրցույթ էինք հայտարարել։ 12 միլիոնով շահող կազմակերպություն կա, որը այս պահին իրականացնում է Արամ Մանուկյանի արձանի շուրջ գտնվող հատվածի վերանորոգման աշխատանքները։ Սա, կարծում եմ, մանիպուլյացիա է, թե մեր կատարած աշխատանքները որակով չեն եղել, որովհետև այդ հատվածում երբևէ այդ ծավալներով որևէ շինաշխատանք չի ձեռնարկվել։ Նույն խնդիրը ունենք նաև Հաղթանակ կամուրջի հետ կապված։ Իբրև այնտեղ էլ ծավալներին չհամապատասխանող կատարողական ենք տվել։ Ուզում եմ տեղեկացնել, որ սա ևս սուտ է, որովհետև այս պահի դրությամբ դեռ որևէ կատարողական տրված չէ»,- նշեց Գրիգորյանը։

Տիգրան Ավինյանը հորդորեց այսուհետև տեղեր չթողնել, որոնք ներառված չեն նախագծում, եթե արվում են շինբարեկարգման աշխատանքներ. «Եթե անում ենք ամբողջական պետք է անենք, որ հետո չստացվի մենք գործի ինչ-որ հատված արեցինք և ինչ որ հատված բաց մնաց: Թե չէ ամեն տեղում առիթ ենք ստեղծում մարդկանց սելֆիներ անելու ջարդված քարերի հետ»:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝  համացանցի օգտատերը լուսանկարներ են հրապարակում մի քանի  ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածից՝ ցույց տալով ոչ բարեկարգ հատվածները։

  • Կիսվել: