հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Առաջարկվում է ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ

Առաջարկվում է ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ

ՀՀ ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է ընդամենը մեկ հարց:

Մասնավորապես քննարկվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և կից նախագծերի փաթեթը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացնելով նախագծերի փաթեթը, նշեց, որ առաջարկվում է նախագծերի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում։

Նախագծի հրատապությունը պայմանավորված է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետով: Դրանք ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 23-ին:

Աննա Ժամկոչյանը նշեց, որ օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով շրջանառված ենթաօրենսդրական իրավական ակտերի քննարկման արդյունքում բացահայտվել են խնդիրներ՝ այդ օրենքով նախատեսվող նոր կառույցի կարգավիճակի, դրա հաստիքների համալրման, ինչպես նաև նախատեսված կառուցվածքային փոփոխությունները սահուն և անխափան իրագործելու հետ կապված:

Նախագծով առաջարկվում է գրասենյակի փոխարեն ստեղծել ծառայություն, օրենքի ուժով տալ ժամկետային, աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն և գործընթացի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր մշակելու համար ժամկետը երկարաձգել մինչև 2021-ի հունվարի 1-ը:

Աննա Ժամկոչյանի խոսքով, այսպիսով, ստեղծում են մի մարմին, որն իր մեջ ներառելու է երեք տարբեր մարմինների գործառույթներ։

«Նախարարության կազմում բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության 38 գործակալությունների և համայնքային ենթակայության սոցիալական աջակցության 17 բաժինների հիմքի վրա ստեղծվում է նոր կառույց՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր ծառայությունը: Սակայն ենթաօրենսդրական ակտերի քննարկման արդյունքում առաջացել են խնդիրներ նոր ստեղծվող կառույցի կարգավիճակի և դրա հաստիքների համալրման, նաև կառուցվածքային փոփոխությունները հնարավորինս սահուն իրականացնելու հարցում՝ հաշվի առնելով հենց այսօր միավորվող կառույցների հանրությանը մատուցվող սոցիալական ծառայությունների ծավալը»,- ասաց փոխնախարարը:

Նշվեց նաև, որ փոփոխության արդյունքում այդ համակարգում կկրճատվի 135 հաստիք:

 

  • Կիսվել: