ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առաջարկում եմ հարկել մուրացկաններին ու փողոցային երաժիշտներին. ավագանու անդամ

Առաջարկում եմ հարկել մուրացկաններին ու փողոցային երաժիշտներին. ավագանու անդամ

Մի քանի օր է մտածում եմ` էլ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկեն իշխանությունները, որպեսզի ավելի բարդեցնեն այն կենսապայմանները, որոնք արդեն իսկ մեր իրողության մեջ բարդ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ՛՛Իշխանությունների ողջ պերճանքը՛՛ վերտառությամբ գրառման մեջ նշել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

՛՛Քանի որ ավագանու իշխող խմբակցությունը հաստատեց մի նախագիծ, որով հարկվելու են շրջածախ առևտրով զբաղվող անձինք, օրինակ փուչիկ, անձեռոցիկ, գրիչ վաճառողները, առաջարկում եմ նոր, ևս երկու նմանօրինակ նախագծեր բերել:

Մեկով հարկենք մուրացկաններին, քանի որ վերջիններս իշխանության չափորոշիչներով կարող են համարվել լուրջ տնտեսվարողներ, մյուսով հարկենք փողոցային երաժիշտներին ու վերջիններիս լսարանը: Օրենքով նաև պարտադիր սահմանվի գումար տվողներին ՀԴՄ կտրոն տրամադրելն ու լիցենզիայի առկայությունը:

Իրապես, չեմ զարմանա, որ ոչ հեռու ապագայում ավագանին կքննարկի նմանօրինակ նախագծեր, իսկ իշխանական ավագանու անդամները ամբիոնից կհայտարարեն, որ այլևս օրենքի երկիր պետք է լինի և, այո´, փող մուրացող տատիկը պետք է հարկվի, որովհետև տնտեսվարող է և, մաշելով Երևանի փողոցները, լուրջ գործունեություն է ծավալում:
Այս ամենն, իհարկե, շատ ցավալի է...՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանին նոր կանոններ է սահմանել շրջածախ առևտրի համար:

  • Կիսվել: