Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «Mitsubishi»-ով տապալել է բետոնե էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. նա եղել է ոչ սթափ
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Լեռնիկ Թ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Փարպի-Աշտարակ ավտոճանապարհի՝ Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության Արագածոտնի մարզի պատասխանատուները, ովքեր հոսանքազրկել են էլեկտրասյունը և արդեն աշխատանքներ են իրականացնում նոր բետոնե էլեկտրասյուն տեղադրելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած)։