հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ապարանի զինկոմի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով կան վիրավորներ. բախվել էին զինկոմի «Նիվա»-ն ու Արդարադատության նախարարության «ՊԱԶ»-ը

Ապարանի զինկոմի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով կան վիրավորներ. բախվել էին զինկոմի «Նիվա»-ն ու Արդարադատության նախարարության «ՊԱԶ»-ը

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 14-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «ՊԱԶ»-ը վարել է Երևանի բնակիչ՝ 70-ամյա Սուրեն Գրիգորյանը, իսկ «ՎԱԶ 2121»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 47-ամյա Արա Քոչարյանը։ Վթարի հետևանքով «Աստղիկ» ԲԿ բուժօգնության են դիմել «ՊԱԶ»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 54-ամյա Անահիտ Հարությունյանը, 75-ամյա Ռիմա Բալաչյանը, 31-ամյա Տաթևիկ Զաքարյանը և 35-ամյա Արամ Հարությունյանը։ «Ապարան» ԲԿ էր տեղափոխվել Նիվայի վարորդ Ա. Քոչարյանը, ով Ապարանի զինկոմն է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան և ՊԱԶ մակնիշի ավտոբուսը։

Վթարի հետևանքով 1 հոգի միջին ծանրության ախտանիշով տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։ Վիրավորին առաջինը օգնության են հասել ՊԱԶ-ի վարորդն ու այնտեղ գտնվող ուղևորները, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Վերջիններս վիրավորին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխեը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեսքանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

  • Կիսվել: