կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անվադողերից մինչև ներքնակներ. Երևանում մեկնարկել է գետերի հուների մաքրումը (տեսանյութ)

Անվադողերից մինչև ներքնակներ. Երևանում մեկնարկել է գետերի հուների մաքրումը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մեկնարկել է գետերի հուների մաքրումը:

Երևանի քաղաքապետարանն ամեն տարի գարնանն աշխատանքներն իրականացնում է առանձին կազմակերպության ուժերով: Դրա համար գործի է դրվում և իջեցվում հատուկ տեխնիկա: Հիմնական խնդիրը, այսպես ասած, «սեփական տների» հատվածում է:

«Աշխատանքները շարունակվում են մեկ ամիս: Դրանք ընդգրկում են մոտ 18 կմ հատված: Այդպես գետերի հուներն ամբողջ երկայնքով մաքրվում են»,- նշում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Այս օրերին աշխատանքները Ավանի և էրեբունու տարածքում են: «Գետառ»-ի և «Ողջաբերդ»-ի հուներից բացի մաքրվում են նաև ջրանցքները: Փակ՝ թունելային որոշ հատվածներում ամբողջ աղբը դուրս է բերվում ձեռքով:

«Ամեն տարի դուրս է բերվում մոտ 4000 խմ աղբ, որը տեղափոխվում է աղբավայր»,- ասում է կազմակերպության տնօրեն Ալեքսան Հարությունյանը:

Գետերի հուներն առաջնահերթ մաքրվում են ջրի հոսքն ապահովելու համար: Քաղաքի ջրային ռեսուրսները կարևոր են նաև բնապահպանական առումով:

Ի՞նչ անել, որ քաղաքի գետերն ու ջրանցքները չաղտոտվեն՝ պատասխանը մեկն է. չթափել աղբն ու մաքուր պահել այն: Քաղաքային իշխանությունը տարիներ շարունակ հորդորում է բնակիչներին, տեսնելու դեպքում էլ տուգանում՝ մինչև 50.000 դրամի չափով: Սակայն սա անգամ խնդրի լուծում չէ:

«Մարդիկ չեն հասկանում, որ սա գնում է Երևանյան լիճ և այնտեղից էլ Արարատյան դաշտավայր ու վտանգավոր է աղտոտումը»,- նկատում են բնակիչները:

Գետերի հուները մաքրվում են նաև տարվա ընթացքում: Քաղաքն այս աշխատանքների համար ավելի քան 38 մլն դրամ է ծախսում:

https://youtu.be/OSEiabVMM8k
  • Կիսվել: