շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անկարան Պեկինից պարզաբանումներ է պահանջել՝ ՀՀ առաքվածի տուփերի գրառման հետ կապված

Անկարան Պեկինից պարզաբանումներ է պահանջել՝ ՀՀ առաքվածի տուփերի գրառման հետ կապված

Անկարան Պեկինից պարզաբանումներ է պահանջել՝ Հայաստան առաքված չինական տուփերի օգնության  վրա Արարատ լեռը հիշատակելու հետ կապված:

«Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Համի Աքսոյին, հայտնում է, որ  Անկարայում Չինաստանի դեսպան Դենգ Լիից և Չինաստանի արտգործնախարարությունից պահանջել են բացատրություն տալ հումանիտար օգնության արկղերի վրա «Արևելյան Թուրքիայի Աղըրի լեռան» վկայակոչման հետ կապված:

Գործակալության համաձայն՝ դեսպան Դենգը հայտնել է, որ Հայաստանի համար մարդասիրական օգնության բեռը պատրաստվել է ՉԺՀ-ի նահագներից մեկի տեղական վարչակազմի կողմից և ուղարկվել է մասնավոր ընկերության կողմից, ընդ որում՝ տեղական ղեկավարությունը տուփերի վրա տեղադրել է միայն չինարեն տեքստ, որը չի պարունակել լեռան մասին հիշատակություն:

Ըստ Չինաստանի դեսպանի՝ «Աղըր լեռան վկայակոչումն անգլերեն տեքստում հետո է հայտնվել»: Համի Աքսոյի խոսքերով, Չինաստանի դեսպանը նշել է, որ դեպքը մանրակրկիտ հետաքննվում է, և արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի: «Չինաստանի դեսպանը կրկին շեշտեց Պեկինի անփոփոխ դիրքորոշումը Թուրքիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հարցում»,- նշում է գործակալությունը՝  Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցչին հղում անելով:

Հիշեցնենք, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։

Չինաստանից Հայաստան եկող օգնության արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

 

 

  • Կիսվել: