երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անիմաստ բախման չենք գնալու ոստիկանների հետ, մինչեւ ժամը 18-ը կսպասենք մեր աջակիցներին. Էդգար Ղազարյան

Անիմաստ բախման չենք գնալու ոստիկանների հետ, մինչեւ ժամը 18-ը կսպասենք մեր աջակիցներին. Էդգար Ղազարյան

Մեր ծրագիրն այն է, որպեսզի այս հաստատությունը՝ Բաղրամյան 26-ը, վերածվի անկլավի, շրջափակվի մեր քաղաքացիների կողմից եւ վերահսկվի մուտքը: Այս մասին, այսօր Բաղրամյան 26-ի դիմաց, լրագրողների հետ զրույցում նշեց «Արժանապատվության հեղափոխություն» խորագրով նախաձեռնության կազմակերպիչ Էդգար Ղազարյանը, ով իր աջակիցների հետ երեկվանից նստացույց է սկսել Բաղրամյան 26-ի դիմաց:

«Բնականաբար, այդ ծրագիրը հնարավոր է իրագործել հանրային աջակցության պարագայում: Այն մարդիկ, որոնք գիշերը մնացել են այստեղ, նրանց ռեսուրսը ֆիզիկապես բավարար չէ այդ  խնդիրը լուծելու համար: Այստեղ կա ոստիկանական ուժերի բավականին մեծ կուտակում, եւ անիմաստ կլինի հիմա որեւէ բան անել: Մենք արկածախնդրության չենք գնալու, անիմաստ մեզ վնասելու նպատակ չունենք: Մեր նպատակներն ավելի ազնիվ ու վեհ են, քան ոստիկանության հետ անիմաստ բախումների գնալը: Եթե օրվա ընթացքում կլինի հանրային աջակցություն, մենք ցանկացած պահի կարող ենք դա իրագործել:

Մինչեւ այսօր երեկոյան ժամը 18.00-ն մենք ունենք դատարանի վճռով թույլտվություն Բաղրամյան պողոտայում անցկացնել բողոքի գործողություն, հանրահավաք եւ սպասում ենք մեր քաղաքացիներին»,-ասաց Էդգար Ղազարյանը:

«Ոստիկանության եւ մեր ունեցած ուժերի հարաբերակցությունից ելնելով կկայացնենք որոշում: Քանի դեռ իրենց ուժերը ավելի շատ են ու կազմակերպված, մենք նրանց հետ որեւէ գործողության չենք գնալու: Որ պահին մեր ռեսուրսը կբավարարի կատարել այդ պահին համապատասխան գործողություն, կանենք այդ գործողություն: Կախված է մարդկանց աջակցությունից: Եթե կպարզվի, որ մեր առաջադրած գաղափարը մրցունակ չի, մարդիկ ուզում են արտոնել, որ Նիկոլ Փաշինյանն ազատ գա, գնա իր աշխատավայր եւ կայացնի Ադրբեջանի պետության ու ժողովրդի շահերից բխող որոշումներ, նշանակում է, որ այդպիսին է  մեր ժողովրդի կամքը: Ես ոտքի եմ ելել դա խափանելու նպատակով, բայց միայնակ չեմ կարող դա անել»,-ընդգծեց Ղազարյանը:

Նշենք, որ բողոքի գործողությունը մեկնարկել է երեկ՝ Հանրապետության հրապարակում: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթով շարժվել են Բաղրամյան պողոտայվ եւ Բաղրամյան 26-ի դիմաց նստացույց սկսել:

  • Կիսվել: