շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Անդրադարձել են կալանավայրերում ինքնասպանության փորձերին ու ինքնավնասման եղանակներին

Անդրադարձել են կալանավայրերում ինքնասպանության փորձերին ու ինքնավնասման եղանակներին

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ծառայության՝ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության նիստ: 

Աշխատանքային նիստին մասնակցել են ծառայության պետի տեղակալները, Ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու քրեակատարողական հիմնարկների ղեկավար անձնակազմը:

Հաշվետու զեկույցով բանախոսները ներկայացրել են համակարգում իրականացված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, նշված ժամանակահատվածում գրանցված ցուցանիշների համեմատական վերլուծությունը: Մասնավորապես՝ հանցավորության և արգելված իրերի ու թմրամիջոցների շրջանառության դեմ արդյունավետ պայքարի շրջանակներում բացահայտվել և կանխվել են ապօրինի ներթափանցման բազմաթիվ դեպքեր, տեսահսկման համակարգի միջոցով հայտնաբերվել են խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են հաղորդումներ և արձանագրություններ, անցկացվել են ծառայողական քննություններ, արդյունքում՝ կիրառվել են տարբեր տեսակի տույժեր: 

Ներկայացվել են ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված տարատեսակ միջոցառումները, կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում իրականացված իրավական աջակցության, իրավաբանական խորհրդատվության արդյունքները, նրանց պահման պայմանների բարելավմանն ուղղված շինբարեկարգման աշխատանքները և այլն: 

Նշվել են նաև ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր կարգը, Ծառայության կանոնադրային պարտականությունների ուղղություններով իրականացված աշխատանքները և համակարգի համար կարևորություն ունեցող բազմաթիվ այլ փոփոխություններ: 

Ի թիվս այլ կարևոր հարցերի՝ հատկապես քննարկվել են արձանագրված ինքնասպանության փորձերը, ինքնավնասման եղանակները, հացադուլ հայտարարելու դեպքերը, վերոնշյալ երևույթների դրդապատճառները, որոնց վերաբերյալ Ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն առանձնահատուկ շեշտադրել է կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այդ պահանջը հավասարապես կիրառելի է նաև Ծառայության կառուցվածքային բոլոր օղակների նկատմամբ: 

Նիստին անդրադարձ է կատարվել նաև սույն թվականին Քրեակատարողական ծառայության անդամակցմանը EuroPris-ի (Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպություն) կառույցին, որի հետ կառուցողական համագործակցումը նոր առավելություններ է տալու քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին:

Ամփոփելով Ծառայության՝ 2024 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ Ծառայության պետի կողմից քրեակատարողական հիմնարկների և տարբեր ստորաբաժանումների պետերին տրվել են մատնանշված աշխատանքների մշակման ուղղություններով գրավոր հանձնարարականներ:

  • Կիսվել: