չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա կառույցներում

Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա կառույցներում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփել է անցնող աշխատանքային շաբաթը նախարարությանը ենթակա կառույցներում:

«Սևան» ազգային պարկում

ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գետի հունային հատվածում նախատեսվող ջրամբարի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի քննարկմանը։ Այցելուների կենտրոնում Դդմաշենի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներն ուսումնասիրել են Սևանա լճի էկոհամակարգը, լճի հիմնախնդիրները։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ում

Ճանաչողական այցի շրջանակում ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայանում հյուրընկալվել են Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 7-րդ դասարանի աշակերտները։

Այցի նպատակն էր «Ինչպե՞ս է կլիման ազդում եղանակի վրա» դպրոցական նախագծային աշխատանքի ավարտից հետո ծանոթանալ ագրոօդերևութաբանական, օդերևութաբանական և ակտինոմետրիական դիտարկումների կարգին և անհրաժեշտ սարքավորումներին, մասնակցել մի շարք դիտարկումների, ծանոթանալ օդերևութաբանական պարամետրերի դիտարկման, գրանցման, ինչպես նաև տեղեկատվության հաղորդման կարգին։

« Զանգեզուր» կենսոլորտային համալիրում

Գիտության և զբոսաշրջության բաժնի ներկայացուցիչները Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ անցկացրել են էկոկրթական դասընթաց․ ներկայացվել են բնության հատուկ պահպանվող տարածքները, դրանց դասակարգումն ու առանձնահատկությունները, կենսոլորտային համալիրների ստեղծման նպատակներն ու հնարավորությունները, Սյունիքի մարզի՝ ԶԿՀ ենթակայության տակ գտնվող 7 ԲՀՊՏ-ներն ու Սյունիքի մարզի կենսաբազմազանությունը:

Դասընթացն ամփոփվել է թեմատիկ հարցուպատասխանով։

  • Կիսվել: