երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան ժամանած հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինը և Դեմյան Մերֆին օգոստոսի 9-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Հյուրերին հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

Սառա Արքինը և Դեմյան Մերֆին ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը նրանց ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հենրի Մորգենթաուի և Կլարա Բարտոնի հայանպաստ գործունեության մասին պատմելով՝ նա շեշտել է, որ նրանց կատարած աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածներին և Հայոց ցեղասպանությանը, և որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին: ՀՑԹԻ տնօրենը հյուրերին ներկայացրել է  Հիշողության պուրակի պատմությունը և նշել, որ այնտեղ առաջին թվագրված ծառը 1997 թվականով է, որը տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոուլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի:

Շնորհակալություն հայտնելով այցի համար ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Սառա Արքինին և Դեմյան Մերֆիին նվիրել է “International Journal of Armenian Genocide Studies” 2022 թ. երկրորդ համարը, որն ամբողջությամբ նվիրված է Արցախի հիմնախնդրին:

  • Կիսվել: