երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

«Հանդիպման ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել վերջին օրերին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է շրջափակման մեջ։ Վեհափառ Հայրապետը, դատապարտելով սույն իրողությունը, ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է, իսկ նման հայատյաց քաղաքականությունը հանգեցնելու է հումանիտար աղետի։

Իրավիճակի հանգուցալուծման համար Նորին Սրբությունը կենսական նկատեց միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համարժեք միջոցառումները՝ ի խնդիր Ադրբեջանի վայրագ գործողությունների կասեցման։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել են նաև պատերազմի հետևանքների հաղթահարման, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքն է փոխանցել ի դեմս դեսպանի ԱՄՆ իշխանություններին պատերազմի ու հետպատերազմյա շրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: