երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող ԵՄ դեսպանին պարգևատրել է ԱԺ Պատվո մեդալով

Ալեն Սիմոնյանը ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող ԵՄ դեսպանին պարգևատրել է ԱԺ Պատվո մեդալով

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 15-ին ընդունել է մեր հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպական միության հետ հարաբերությունների ամրապնդման ու խորացման, Հայաստանի կայուն զարգացման գործում դեսպանի ունեցած մեծ ներդրման համար:

«Ճանաչելով Ձեզ եւ տեսնելով մեր երկրի համար Ձեր սրտացավ աշխատանքը ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցերում՝ վերահաստատում եմ ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը եւ ջանքեր չխնայելու պատրաստակամությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Նա ընդգծել է դեսպանի անմիջական մասնակցությունն այն ծրագրերին, որոնք ուղղված են աջակցելու Հայաստանի հարավային շրջանների զարգացմանը եւ դիմակայունության ամրապնդմանը:

Ի պատասխան Անդրեա Վիկտորինը հավաստիացրել է, որ ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը, ինչպես նաեւ ԼՂ հումանիտար իրավիճակին առնչվող օգոստոսի 16-ին կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման եւ ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անդրեա Վիկտորինին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով:

  • Կիսվել: