Ալեն Սիմոնյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել. Էդգար Ղազարյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա պահվածքը առանձնապես յուրահատկություն չունի, քրեական օրենսգիրքը այդ վարքագիծը ներկայացնում է որպես խուլիգանություն: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը:
«Դա Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածն է, որի համար կա պատժի տարբեր տեսակներ, այդ թվում հարկադիր աշխատանքը: Այնպես որ, չի բացառվում, որ Ալեն Սիմոնյանը առաջիկայում սակուռներ տնկի Կասկադում՝ իր կատարած հանցանքի համար:
Բայց դա Քրեական օրենսգրքի միակ հոդվածը չի, որ բնորոշ է ԱԺ նախագահին: Քրեական օրենսգրքի 408-րդ հոդվածը նախատեսում է պաշտոնատար անձի ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործելը, որովհետեւ ինքն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ կարգադրել է պետական պահպանության ծառայության աշխատակիցներին իրականացնել գործողություն: ԱԺ կանոնակարգ օրենքը չի նախատեսում, որ նա իրավասու է որեւէ իրավապահ մարմնի աշխատակցի հանձնարարություններ տալ:
Եվ կա երրորդ հանցատեսակը, դա 441-րդ հոդվածն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կմ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորությունները անցնելը,-ասաց Էդգար Ղազարյանը:
Նա հավելեց, որ Ալեն Սիմոնյանը այսօր առավոտյան եւս մեկ ենթադրյալ հանցագործություն է գործել՝ հրապարակելով կեղծ տեղեկություն. «Նա նշել է, որ երեկ իբր բռնության է ենթարկվել վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Վարչապետի որդին հանդիսանում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ, եւ եթե նրա նկատմամբ իրականացված լիներ որեւէ հանցագործություն, ապա այդ մասին անպայման պետք է հայտարարություն տարածեր ՊՊԾ-ն, ոստիկանությունը կամ Քննչական կոմիտեն: Եթե նման հայտարարություն չկա, նշանակում է, որ ԱԺ նախագահի տեղեկությունները առնվազն կեղծ են կամ հիմնված են գիշերը այլ աղբյուրներից ստացած ինֆորմացիայի վրա»,-ասաց նա:


