չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղում

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղում

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեց քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

Նրա խոսքով՝ մարզադպրոցը կզբաղեցնի 1.5 հա տարածք և կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, մարզումների 2 դահլիճ, սպորտային և գեղարվեստական մարմնամարզության համար մրցումային դահլիճ՝ նախատեսված 532 անձի համար։

«Ինչպես նաև կապահովվի մարզումների համար բարձրորակ գույքով։ Մարզադպրոցի նախագիծն ավարտված է։ Փորձագիտական աշխատանքներից հետո կդրվի շինարարական մրցույթի։ Հավանաբար, շինարարական աշխատանքները կսկսվեն 2024թ. 2-րդ եռամսյակում, իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026թ.»,- ասաց Փամբուխչյանը։

Քաղաքապետի տեղակալը նաև նշեց, որ Բագրատունյաց 48/1 հասցեում նախատեսվում է կառուցել բարձրագույն վարպետության համալիր մարզադպրոց:

«Այն լինելու է բազմաֆունկցիոնալ, որտեղ կանցկացվեն, ոչ միայն մենապայքարային, այլև տարբեր մրցաշարեր։

Մարզադպրոցի նախագիծը պատրաստ է, բացակայում է միայն ՀԷՑ-ի տեխնիկական պայմանների համաձայնեցումը։ Այն ներկայացվելուց հետո փաթեթը կներկայացվի պարզ փորձաքննության։ Դրական եզրակացություն ստանալու դեպքում կուղարկվի համալիր փորձաքննության, այնուհետև կդրվի շինարարական մրցույթի»,- ասաց Փամբուխչյանը։

Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման համար բավականին սեղմ ժամկետներ են՝ ընդամենը 2 տարում պետք է հսկայական կոմպլեքսի շինարարությունն ավարտված լինի. «Նախապես պետք է խոշոր շինարարական ընկերություններին տեղեկացնել այս մասին: Շատ կարեւոր նախագիծ է Երեւանի համար: Պլանավորում ենք նոր շենքում անցկացնել աշխարհի առաջնությունը: Ընդամենը 2 տարի ժամկետ ունենք շինարարությունն ավարտելու համար, հետեւապես հորդորում ենք մասնակցել այս մրցույթին»,-ասաց նա:

  • Կիսվել: