ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ախալքալաքում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Ախալքալաքում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Այսօր՝ դեկտեմբերի 7֊ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ՝ ի հիշատակ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի։ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը կատարեց հոգեհանգստի կարգը, Սուրբ Խաչ եկեղեցում ներկա էին Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, տեղական ինքնակառավարման մարմնի այլ ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների եւ կրթական կենտրոնների աշխատակիցներ եւ պարզապես քաղաքացիներ, գրում է akhaltskha.ne-ը:

Ներկաները եկեղեցու բակում խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին, այնուհետեւ եկեղեցում մոմավառություն արեցին եւ մասնակիցը եղան մատուցվողց հոգեհանգստյան կարգի։ Նշենք՝  1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյանների ընթացքում ամբողջովին կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթևան է մնացել 530 հազար բնակիչ: Հայաստանին այդ օրերին օգնության ձեռք մեկնողների թվում առաջիններից էր նաև հարևան Վրաստանը։

  • Կիսվել: