չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Ակադեմիական քաղաքին» զուգահեռ ԳԱԱ համակարգում ձևավորել գերազանցության գիտական կենտրոններ.ԳԱԱ ժողովի որոշումը

«Ակադեմիական քաղաքին» զուգահեռ ԳԱԱ համակարգում ձևավորել գերազանցության գիտական կենտրոններ.ԳԱԱ ժողովի որոշումը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի այսօր, ապրիլի 3–ին, կայացած ընդլայնված ընդհանուր ժողովում ընդունվել է որոշում, որում ներկայացվել են մտահոգություններ ու առաջարկություններ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում գիտության և կրթության ինտեգրման վերաբերյալ։

Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.

 

«ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը համարում է.

-տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների համար էլ,

-անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով,

-անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն` բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր,

-ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը»։

Որոշման համաձայն, ՀՀ ԳԱԱ–ն գիտության և կրթության ինտեգրման առավել արդյունավետ և քիչ ռիսկային ու իրատեսական է համարում հետևյալ տարբերակը.

«1.ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են բուհերը և գիտական կազմակերպությունները և/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ),

2.ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրի իրականացում),

3.ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ

4.հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս։

«Ինտեգրման վերը հիշատակված տարբերակը հնարավորություն կտա գիտական և գիտակրթական բնագավառներում ապահովել և՛ կազմակերպման ձևերի բազմազանություն, և՛ գիտատեխնոլոգիական առաջընթացի զարգացման համար անհրաժեշտ մրցակցային պայմաններ»։

  • Կիսվել: