հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱԻՆ-ում խորհրդակցության ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

ԱԻՆ-ում խորհրդակցության ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 4-ին անցկացվել է ամենամսյա խորհրդակցություն. ամփոփվել են աշխատակազմի ստորաբաժանումների կողմից սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:

ԱԻՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արմենուհի Գրիգորյանը տեղեկացրել է, որ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, Լուսակերտի բազայում և Սևանում 43 փրկարար ծառայողների, Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի ներկայացուցիչների համար կազմակերպվել են դասընթացներ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը և Փրկարար ծառայությունը ԱԻՆ 15 աշխատակիցների համար անցկացրել են «Արտակարգ իրավիճակներում և ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների հետ վարվելաձևը» թեմայով սեմինար: Իրականացվել են մի շարք դասընթացներ և սեմինարներ տարբեր հաստատությունների ղեկավարների և աշխատակիցների համար:

Զեկույցներով են հանդես եկել Արտաքին կապերի վարչության պետի պարտականությունները կատարող Նադյա Մոսոյանը, Քարտուղարության պետ Նարինե Հովհաննիսյանը և Հատուկ լեռնափրկարարական ծառայության տնօրեն Հակոբ Ասատրյանը:

Հ. Ասատրյանը կատարվող աշխատանքներից կարևորել է հանքային օդի բաղադրության մշտադիտարկումը, թուլացած վտանգավոր ապարների քարաթափման, հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը:

Նախարար Անդրանիկ Փիլոյանը Հատուկ լեռնափրկարարական ծառայության տնօրենին շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների համար՝ խրախուսելով շարունակել աշխատել նույն պատասխանատվությամբ:

Խորհրդակցության ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Հանրապետության նախագահի հրամանով Անկախության տոնի առթիվ «Հայրենիքին մատուցած ծառայությոնների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվեց նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար Արտակարգ իրավիճակների նախարարի պատվոգրով է պարգևատրվել նախարարի խորհրդական Արմեն Տիգրանյանը:

 

  • Կիսվել: