հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԻՆ-ում ամփոփվել են հունվարի արդյունքները

ԱԻՆ-ում ամփոփվել են հունվարի արդյունքները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունն ամփոփել է հունվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Զեկույցներով են հանդես եկել ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, Բժշկական ապահովման վարչության պետի տեղակալ Արմինե Բոսնոյանը:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ փրկարար ծառայության տնօրենի զեկույցի համաձայն՝ ՀԱԷԿ-ի աշխատակիցների հետ համատեղ համակայանային հակավթարային և հակահրդեհային վարժանք է անցկացվել: 10 փրկարարական ծառայող Արագածոտնի մարզում մասնակցել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ուժերով կազմակերպված «Որոնողափրկարարական տեխնոլոգիաների կիրառումը ձնահյուսի ժամանակ» թեմայով դասընթացին: Մշակվել է ՀՀ պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման 2022 թվականի պլան-ժամանակացույցը: ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով տաքացման կետերն արձագանքել են 176 դեպքի, օգնություն է ցուցաբերվել 863 քաղաքացու և արգելափակումից դուրս է բերվել 442 տրանսպորտային միջոց:

ԱԻ նախարարը հորդորել է զգոն լինել, պահպանել հակահամաճարակային կանոնները, պարտականությունների կատարումը շարունակել մեծ պատասխանատվությամբ:

Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք փրկարար ծառայողների շնորհել է կոչումներ, կայացել է պարգևատրման արարողություն:

  • Կիսվել: