չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Աղետի գոտում հաղորդակցությունից զրկված համայնքներ այլևս չկան, բոլորն էլ միացված են միջպետական մայրուղիներին. հավաստում է մասնագետը

Աղետի գոտում հաղորդակցությունից զրկված համայնքներ այլևս չկան, բոլորն էլ միացված են միջպետական մայրուղիներին. հավաստում է մասնագետը

Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն անդրադարձավ ջրհեղեղից վնասված ավտոմոբիլային ճանապարհների, մասնավորապես միջպետական Մ6 մայրուղու վնասներին և վերականգնողական աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավետիսյանը մասնավորապես անդրադարձավ Երևան-Սևան-Իջևան, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհներին առկա իրավիճակին:

«Մենք վնասված հատվածներում արդեն իսկ անցկացրել ենք ակնադիտական չափագրումներ, ճանապարհային ենթակառուցվածքներին հասցված վնասի մոտավոր պատկերն ունենք: Միջպետական Մ6 ճանապարհի 22 կետերում ունենք 42 վնասված տեղամասեր, որտեղ արդեն իրականացրել ենք համապատասխան ուսումնասիրություններ: Իսկ Մ4 ճանապարհի վրա վնասված տեղամասեր կան 11 կետերում: Երկու մայրուղիների բազմաթիվ հատվածներ հեղեղի ժամանակ ջրալցվել են, այդ ճանապարհներին ունենք վերին և ստորին հենապատերի շուրջ 1700 գծամետր փլուզումներ, գավիոնային հենապատերի շուրջ 110 գծամետր փլուզումներ, հողային պաստառների շուրջ 4000 գծամետր փլուզումներ, մոտ 8 կիլոմետրի չափով կողնակներ շարքից դուրս էին եկել, որոնց մեծ մասն արդեն վերականգնել ենք: Մոտ 1300 մետր երկարությամբ ասֆալտբետոնե ծածկույթը նույնպես վնասվել էր հեղեղից: Կան նաև խցանված խողովակներ, արգելափակված մետաղյա փակոցներ, վնասված բետոնե պարիսպները»,- պարզաբանեց Ավետիսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ բացի ՀՀ-ում սպասարկող երեք ճանապարհաշինարարական կազմակերպություններից, շուրջ 17 կազմակերպություն էլ Հայաստանի տարբեր հատվածներից ներգրավվել են երկու մայրուղիների վերականգնողական աշխատանքներում: 

«Ճանապարհների անվտանգության հարցն այս պահին որոշ չափով ապահովված է: Երեկ մենք ավարտեցինք վերջին վնասված հատվածի հողային պաստառի աշխատանքները: Խոսքը «Թուֆենկյան» հյուրանոցի հատվածի մասին է, որտեղ նույնպես երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է: Որոշ սահմանափակումներ դեռ կան միայն բեռնատարների համար: Քանի որ ամբողջ հողային պաստառը Դեբեդ գետի վարարման հետևանքով գտնվում է ջրագծված վիճակում, հետևաբար որոշ հատվածներում տեղադրվել են բետոնե խորանարդիկներ, անվտանգության ազդանշանային սյուներ, որպեսզի միակողմանի դարձած հատվածներում շուտով իրականացվեն ամրակայման ու վերականգնողական հիմնարար աշխատանքներ՝ դրանք նախկին տեսքին բերելու համար»,- ասաց Ավետիսյանը:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենը վարորդներին կոչ արեց այդ հատվածներում երթևեկելիս լինել չափազանց զգոն և զգույշ, մեքենան վարել նույնիսկ սահմանվածից ցածր արագությամբ: Տարբեր մասնագիտական խմբեր աշխատում են թե՛ վերոհիշյալ դեպարտամենտից, թե՛ պետական գերատեսչություններից: Վերականգնողական աշխատանքներին միացել են նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Ավետիսյանի հավաստմամբ՝ այս պահին հաղորդակցությունից կտրված համայնքներ չկան, բոլորն էլ միացված են միջպետական մայրուղիներին:

«Նախկինում, երբ կառուցվել են միջպետական ճանապարհներ, դրանց հիմնանորոգման ժամանակ փոխվել է հենապատերի չնչին հատվածը: Որոշ հատվածներում կան վաղուց, շուրջ հարյուր տարի առաջ կառուցված հենապատեր, հետևաբար հիմնական փլուզումները տեղի են ունեցել հենց այդ հենապատերի մասում, ինչի արդյունքում վնասվել են երթևեկելի հատվածները: Վարարած գետն իր հերթին տարել է ծառեր, երկաթբետոնե կոնստրուկցիաներ, որոնց հարվածներից նույնպես փլուզվել են ճանապարհների հենապատերը: Այս պահին մասնագետների հետ քննարկում ենք միայն բետոնե պատերի նախագծերը՝ դիտարկելով մոդուլային տարբերակը, ըստ որի՝ մինչև երեք մետր բարձրության վրա կկառուցվեն բուտաբետոնե հենապատեր, դրանից ավելի բարձրության վրա կկառուցվեն երկաթբետոնե պատեր, որոնց հետևում սահմանված նորմերով կիրականացվեն հողային լիցքեր: Դաշտային աշխատանքներն ավարտել ենք, և այս փուլում միջազգային գործընկերների հետ կքննարկենք նախագծային աշխատանքները, որպեսզի շինարարական կազմակերպությունները հնարավորինս շուտ ներգրավվեն ու սկսեն աշխատել»,- նշեց Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ թեև գետի մակարդակն այնքան է իջել, որ կարող են աշխատանքները վերսկսել, բայցևայնպես ցանկանում են բոլոր տեղամասերում կատարել լիարժեք գեոդեզիական ու գեոլոգիական ուսումնասիրություններ: Դրանից հետո նախագծողները նոր միայն կառաջարկեն տեխնիկական լուծումներ: Քանի որ Դեբեդ գետի մակարդակն, ըստ Ավետիսյանի, իջել է 22-23 անգամ, ուստի առաջիկայում, մեկ շաբաթում գրունտային ուսումնասիրությունները կմեկնարկեն:    

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

  • Կիսվել: