ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանի հարձակման հետեւանքով մենք ունենք 240 զոհ. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի հարձակման հետեւանքով մենք ունենք 240 զոհ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետությունն ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ հեռուստատեսթյունների այդ հայտնի դերակարատների կողմից. մենք ունենք հարձակման հետեւանքով 240 զոհ, մենք ունենք մեր սահման ներխուժած օտարերկրյա զորք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանն այդքան մեծ չի, որ հանդուրժի թեկուզ մեկ մետր զիջում եւ ասի՝ հարաբերություններ ենք հաստատում: Հայաստանը ոչ մի երկրի հետ իր հարաբերությունները չի փչացնում: Հայաստանն  ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր սահմանների նկատմամբ պարտավորությունները, որ վերցվել են, ի կատար ածվեն եւ դրա համար անելու է ամեն ինչ: Այստեղ էմոցի չկա, սիրել-չսիրելու հարց րչկա, կան պարտավորություններ, որոնց կատարմանը մենք հետամուտ ենք լինելու եւ փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով մեր տղաների կյանքը, մեր սահմանները պաշտպանենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։  Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

Նշենք, որ ճեպազրույցից րոպեներ անց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր, որ Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է․

«Հարգելի լրագրող գործընկերներ, ի պատասխան զանգերի, հայտնում եմ, որ այսօր ճեպազրույցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է:

Խնդրում եմ թիվը հրապարակելիս՝ հաշվի առնել պաշտոնական տվյալները: Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շնորհակալ եմ համագործակցության համար»։

  • Կիսվել: