շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«6930 դոլար՝ ի պատիվ հերթական հայուհու»․ ռուս բլոգերը Տիկտոկում զբաղվում է բացառապես հայ կանանց ձվաբջիջների վաճառքով (տեսանյութեր)

«6930 դոլար՝ ի պատիվ հերթական հայուհու»․ ռուս բլոգերը Տիկտոկում զբաղվում է բացառապես հայ կանանց ձվաբջիջների վաճառքով (տեսանյութեր)

Ամիսներ շարունակ ռուս բլոգերը, որը բնակվում է Երևանում, Տիկտոկում խոսում է իր բիզնես գործունեության մասին, հանդես է գալիս հայտարարություններով, ցուցադրում է խոշոր գումարներ և կոչ է անում հարստանալ, գրում է hayastan.news-ը:

blond_bond007 անունով բլոգերը զբաղվում է հայ կանանց ձվաբջիջների վաճառքով։ Տեսանյութերից մեկում բլոգերը նշում է․«Ամեն ինչ շատ հեշտ է․ դուք դառնում եք ձվաբջիջի դոնոր․ ցավոք, ես չեմ կարող դոնոր լինել, որովհետև, առաջին հերթին ես հայ չեմ, հետո՝ չեմ համապատասխանում, և բացի այդ ինձ համար 5000-10 000  դոլարը գրավիչ չէ»։

Օգտատերերից մեկն, այնուամենայնիվ հարցրել է, թե ինչո՞ւ հենց հայ աղջիկների ձվաբջիջներն են հետաքրքրում, ինչին բլոգերը պատասխանել է․ «Քանի որ կա լավ գենոֆոնդ և հազվագյուտ մաքուր էթնիկ խումբ է»։

Hayastan.news-ը տևական ժամանակ հետևեց բլոգերի գործունեությանը, պատասխաններին, նա հերթական տեսանյութում տեսանկարահանել էր 6930 դոլար և գրել․ «Ի պատիվ հերթական հայուհու»։

Համոզվելու համար քայլերի հաջորդականության մեջ, Hayastan.news-ի թղթակիցը, որպես «անտեղյակ»  քաղաքացի, նրա տելեգրամյան էջին գրեց, որ առաջարկն իրեն ևս հետաքրքիր է։ Նա անձնական նամակագրությամբ ևս հաստատեց,որ կարող են դիմել հայուհիները։ 

Թե ինչո՞վ է զբաղվում բլոգերը, ովքե՞ր են ձվաբջիջների գնորդները, արդյոք այդ մասին տեղեկանում են ձվաբջիջի դոնոր դարձողները, պարզել չհաջողվեց։ Լրատվամիջոցը հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայությանը մի շարք հարցերով։

Տեսանյութերը՝ Hayastan.news տելեգրամյան ալիքում։

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածը սահմանում է, որ մարդու սաղմը, պտուղը, մարդու կամ դիակի բջիջը, հյուսվածքը, օրգանը, կենսաբանական նյութերը կամ հեղուկներն ապօրինի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

Բացի այդ, կա նաև ՀՀ կառավարության որոշումը, համաձայն որի՝ ձվաբջիջը տրամադրողը այն տրամադրելու համար կարող է ստանալ դրամական հատուցում` համապատասխան բժշկական կազմակերպության կամ սեռաբջիջն օգտագործող անձի կամ անձանց կողմից` նախապես կնքված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պայմանագրի համաձայն:

  • Կիսվել: