երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
50 սփյուռքահայ մասնագետ ավարտել է աշխատանքը ՀՀ կառավարման համակարգում

50 սփյուռքահայ մասնագետ ավարտել է աշխատանքը ՀՀ կառավարման համակարգում

Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022-2023 ծրագրի փակման և հավաստագրերի հանձնման արարողությանը:

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ, ծրագրի 2-րդ շրջափուլի մասնակից Սիսիան Պօղոսեանը, այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով ներկաներին՝ Գլխավոր հանձնակատարը խոսել է ծրագրի նպատակների և առաքելության մասին: «Ծրագիրը նպատակ ունի խթանել մասնագիտական հայրենադարձությունն ու բացել ՀՀ կառավարման համակարգի դռները սփյուռքահայ մասնագետների, նոր և թարմ ուժերի համար: Ուրախ եմ, որ անցած տարի ծրագրին մասնակցելու համար դիմել էր 300 մասնագետ, որոնցից ընտրվեցին լավագույն 50-ը: Նրանք մեկ տարի աշխատեցին 23 գերատեսչություններում և ծրագրեր են մշակել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ կրթության, թվային փոխակերպումների, ֆինանսական կրթության ներդրման, առաջնային բուժօգնության ծրագրերի կիրառման, ներդրումային քաղաքականության և այլ ոլորտներում: Նախորդ տարիների վիճակագրություն ցույց է տալիս, որ մասնակիցների շուրջ 70 տոկոսը մնում է Հայաստանում, հայրենադարձվում է: Տեղյակ եմ, որ ձեր գերակշիռ մեծամասնությունը ևս մնում է հայրենիքում»,-նշել է Զարեհ Սինանյանը:

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա ընդգծել է, որ «իԳործ»-ականներն իրենց հետ աշխատանքային նոր մշակույթ և աշխարհայացք են բերում, և Էկոնոմիկայի նախարարությունն ամեն տարի մեծ պատրաստակամությամբ է ընդունում սփյուռքահայ մասնագետներին:

Ծրագրի շրջանավարտներ ռուսաստանահայ Անի Հարությունյանը (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն), լիբանանահայ Ռոպեր Տէր Մեսրոպեանը (ՀՀ կենտրոնական բանկ), բելառուսահայ Կարեն Մուրադյանը (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն), ուկրաինահայ Լիլիթ Բեգլարյանը (ՀՀ ազգային ժողով) ներկայացրել են իրենց մեկ տարվա փորձառությունը:

Այնուհետ շրջանավարտները ստացել են ծրագրին բարեհաջող մասնակցության հավաստագրերը:

Նշենք, որ ծրագրի 2023-2024 թթ. շրջափուլը սկսվելու է սեպտեմբերից: Այս տարի ծրագրին  31 երկրներից դիմած 270 սփյուռքահայ մասնագետ ընտրվել է 50-ը: Նրանք կաշխատեն Հայաստանի 26 գերատեսչություններում:

  • Կիսվել: