շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
4,5 մլրդ Վրաստանին, 109 մլն՝ Հայաստանին․ միջազգային աջակցությունը 2008-ի և 2023-ի պատերազմներից հետո.ՍիվիլՆեթ

4,5 մլրդ Վրաստանին, 109 մլն՝ Հայաստանին․ միջազգային աջակցությունը 2008-ի և 2023-ի պատերազմներից հետո.ՍիվիլՆեթ

Լեռնային Ղարաբաղում 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումից հետո Հայաստանին միջազգային գործընկերների կողմից հատկացված աջակցությունը մոտ 109 միլիոն դոլար է։ Սա երևում է կառավարության 2023-ի կատարողականից։ Ընդ որում, նշված գումարի էական մասը ոչ թե արդեն իսկ ստացված օգնությունն է, այլ խոստումները միջազգային գործընկերների կողմից։

Հայաստանին մարդասիրական աջակցություն են ուղղել ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակը (UNHCR), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Եվրոպական հանձնաժողովը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ICRC), Համաշխարհային բանկը, Չինաստանը, Լատվիան և Լիտվան։

ՍիվիլՆեթը ուսումնասիրել է 2008-ին ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո Վրաստանի ստացած աջակցության ծավալները, որոնք համեմատությունից դուրս են Արցախի կորստից հետո Հայաստանին տրամադրված (և/կամ խոստացված) օգնության ծավալների հետ։

ԱՄՆ կոնգրեսի հետազոտական ծառայության տվյալներով՝ 2008-ի ռուս-վրացական պատերազմի մեկնարկից անմիջապես հետո ԱՄՆ-ը 38 մլն դոլարի անհապաղ մարդասրական օգնություն է հատկացրել Վրաստանին՝ օգտագործելով ԱՄՆ ռազմածովային ուժերը, օդանավերը։ Ըստ այդ զեկույցի՝ 2008-2009 թվականներին Վրաստանին ԱՄՆ օգնությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը, որից 250 մլն-ը ուղիղ բյուջետային աջակցություն է։ Եվս 100 մլն դոլար լրացուցիչ աջակցություն է եղել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայից։ 2012-ին «Հազարամյակի մարտահրավերներ»-ից Վրաստանը ստացել է հավելյալ 150 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ, 1992-2020 թվականներին ԱՄՆ աջակցությունը Վրաստանին գերազանցել է 4,3 մլրդ դոլարը։

Եվրամիության կողմից Վրաստանին 2008-ի պատերազմից հետո Արժույթի միջազգային հիմնադրամը հատկացրեց 1,17 մլրդ դոլար։ Այս գումարի կեսը դրամաշնորհ էր, մյուս կեսը՝ վարկային միջոց։ Գումարն ուղղվում էր Վրաստանին՝ Ռուսաստանի հետ ռազմական առճակատման հետևանքների, համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։

Միջազգային դոնորների համաժողովի ընթացքում Վրաստանին օգնության փաթեթը 2008-2010 թթ․ համար կազմել է 4,5 մլրդ դոլար, որից 2,4 մլրդ-ը բազմակողմ ֆինանսական հաստատություններից էր, 200 մլն-ը՝ Ճապոնիայից, 173 մլն-ը՝ ԵՄ երկրներից։

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հայաստանին ու Վրաստանին հատկացված օգնության վերաբերյալ առաջարկում է առաջ ընկնող համեմատություններ չանել և գնահատականներ չանցկացնել։ «Այնուամենայնիվ, հարյուրավոր միլիոնների դոլարներ չեն այս պահի դրությամբ, բայց այստեղ ի՞նչն է կարևոր։ Այստեղ կարևոր է, որ մենք սկսենք ծրագիրը (տեղահանվածներին բնակարաններով ապահովելու) և հետո մեկնարկին համապատասխան, ընթացքին համապատասխան՝ մեր միջազգային գործընկերներին բացատրելով, հնարավորություն տանք, որ միանան աջակցությանը»,- նշում է Խաչատրյանը։

Անդրադառնալով հարցին, որ ՀՀ-ին աջակցության 109 մլն դոլարի զգալի մասը խոստումներ են, փոխվարչապետը վստահեցնում է՝ «խոստումը խոստում է նրանով, որ անպայման կկատարվի»։

  • Կիսվել: