կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
2021 թ. պետգույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 407 մլն դրամ. Առնակ Ավետիսյան

2021 թ. պետգույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 407 մլն դրամ. Առնակ Ավետիսյան

2021 թ. դասական աճուրդով մասնավորեցվել են 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և ուղղակի վաճառքով՝ 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը: Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 294 մլն դրամ, իսկ 112 մլն դրամ փոխանցվել է համայնքների բյուջեներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ին քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը:

Հաշվետվությունն ընդգրկում է 2021 թ. ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները, ինչպես նաև մասնավորեցման արդյունքները՝ ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների և պրոֆիլի պահպանման պահանջների:

Ներկայացնելով մասնավորեցման գործարքների արդյունքում նոր սեփականատերերի ստանձնած պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվությունը՝ Առնակ Ավետիսյանը նշել է, որ ստանձնվել է 5 պարտավորություն, որից 3 գնորդ կատարել են պրոֆիլի պահպանման պարտավորությունները, 1 գնորդ ստանձնած պրոֆիլի պահպանման պարտավորությունները չի կատարել:

Փաստաթղթում արտացոլված են նաև լուծարման գործընթացի և դրա արդյունքում մարված պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ: Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է գտնվել առևտրային 2 կազմակերպություն. լուծարման գործընթացն ավարտվել է: «Լուծարման գործընթացի արդյունքում մարվել է շուրջ 4 մլն 152 հազար դրամ կրեդիտորական պարտք»,- տեղեկացրել է Առնակ Ավետիսյանը:

Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում կատարվել է լրացում՝ մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկվել է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն:

Հանձնաժողովը հաստատել է քննարկված հաշվետվությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

  • Կիսվել: