հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
14-17 տարեկան պատանիները տիեզերական գիտելիքներով զինվելու նոր հնարավորություն կունենան. կանցկացվի «Տիեզերական ճամբար 2023»-ը

14-17 տարեկան պատանիները տիեզերական գիտելիքներով զինվելու նոր հնարավորություն կունենան. կանցկացվի «Տիեզերական ճամբար 2023»-ը

 Աստղագիտությամբ, տիեզերագիտությամբ, տիեզերական տեխնոլոգիաներով հետաքրքրված 14-17 տարեկան պատանիներին ոգեշնչելու, տիեզերական տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկումը բարձրացնելու, դրանց դերը ներկայացնելու նպատակով օգոստոսի 6-12-ը կանցկացվի «Տիեզերական ճամբար 2023» (SpaceCamp 2023) խորագրով գիտակրթական անվճար ճամբար։

«Ճամբարականների շրջանում կբարձրացնենք տիեզերական տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկումը, կներկայացնենք դրանց դերը, հնարավորությունները, ինչպես նաև կապը այլ ոլորտների հետ՝ այդպիսով նպաստելով նրանց հետագա մասնագիտական կողմնորոշմանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության  շուկայի զարգացման վարչության շուկայի հետազոտության բաժնի պետ Արարատ Սահակյանը:

Սահակյանը պատմեց, որ 2021 թվականին, առաջին անգամ ծրագիրն իրագործելիս, մասնակիցների ընտրության չափանիշը բնագիտական առարկաների օլիմպիադաներում մեդալների և պատվոգրերի առկայությունն էր։ 2022 թվականին ճամբարի մասնակիցների շրջանակը ընդլայնելու նպատակով ընդունելություն կազմակերպվեց առցանց քննությամբ, որի արդյունքներով առավելագույն միավորներ հավաքած 100 պատանիներ ընտրվեցին Երևանից, ՀՀ մարզերից և սփյուռքից։ Այս տարի, հաշվի առնելով նախարարության տեսլականը Երկրի հեռակա դիտարկման զարգացման վերաբերյալ, որոշակիորեն փոփոխվեցին ճամբարի դասընթացների թեման և քննության հարցերը։ Այս տարի դրանք կազմված էին գլխավորապես աստղագիտության բնագավառից։ 

«Անցած տարվա համեմատ էական փոփոխություններ է կրել ծրագրի բովանդակային հատվածը: Եթե նախորդ տարի շեշտադրում էր կատարվում հռթիռաշինության, հրթիռամոդելային աշխատաժողովների վրա, այս տարի գլխավորապես շեշտադրումներ ենք անում երկրի հեռակա դիտարկման ոլորտի վրա, որին առանձնակի ուշադրություն է դարձնում նախարարությունը»,- ասաց Սահակյանը:

Ճամբարի ծրագրում ներառված են դասախոսություններ և գործական աշխատանքներ աստղագիտությունից (սկսած աստղերի ծնունդից և տիեզերական աստղադիտակներից՝ մինչև տիեզերագնացություն), Երկրի հեռակա դիտարկման տեխնոլոգիաների (տվյալների ստացում, մշակում, վերլուծություն), երկրատեղեկատվական համակարգերի, արբանյակների կառուցվածքի, ենթահամակարգերի վերաբերյալ։

«Պատանիները ուսումնասիրելու են երկրի հեռակա դիտարկման տվյալների հետ աշխատանքը: Մյուս ուղղությունը՝ երկրատեղեկատվական համակարգերի ուղղությունն է, որի շրջանակներում նրանք քարտեզագրությանը կծանոթանան: Ճամբարականները հնարավորություն կունենան ծանոթանալ աստղագիտության վերաբերյալ տարբեր թեմաների՝ սկսած աստղերի ծնունդից մինչև տիեզերական բնապահպանություն, տիեզերական աղբի մշտադիտարկում։ Խոսելու ենք նաև աստղագիտության և այլ ոլորտի մասնագիտությունների միջև կապի մասին»,- պարզաբանեց Սահակյանը:

Սահակյանը նշեց՝ ճամբարի ծրագրում ներգրավված մասնագետներն ունեն հարուստ մասնագիտական փորձ և գիտելիքներ։ Մասնագետներն ընտրվել են այնպես, որպեսզի հնարավոր լինի ճամբարի անցկացման շատ սեղմ ժամկետում  տիեզերական ոլորտի և ոլորտային տեխնոլոգիաների պրակտիկ կիրառությունների վերաբերյալ ընդհանուր պատկերացում տալ դասախոսությունների և գործնական աշխատանքների միջոցով և ոգեշնչել մասնակիցներին։  

«Բովանդակային մասի ապահովման նպատակով հրավիրել ենք դասախոսների Պետական համալսարանից, պետական գիտական ինստիտուտներից, մասնավոր ընկերություններից, որոնցից 1-ն՝ արտերկրից։ Ցանկանում եմ ընդգծել, որ հրավիրյալ մասնագետները ոլորտի զարգացման, ինչպես նաև պատանիների հետ տարվող աշխատանքի անհրաժեշտությունը կարևորելով ՝ ծրագրին մասնակցելու են կամավոր հիմունքներով։ Կարևոր է նշել նաև, որ ճամբարն ինչ-որ առումով կամուրջ է հանդիսանալու երեխաների և ոլորտային կազմակերպությունների միջև»,- նշեց նա: 

Դասախոսություններից և ոլորտային աշխատաժողովներից զատ ծրագիրը ներառում է արշավ՝ Պարզ լճից Գոշավանք, ազգային պարերի ուսուցում, ֆիլմերի դիտում և այլն:

Սահակյանն ընդգծեց՝ ճամբարի նպատակն է դասախոսությունների և գործնական աշխատանքների օգնությամբ ցույց տալ, թե ինչ հնարավորություններ կարող են ընձեռել տիեզերական տեխնոլոգիաները և ինչ հետազոտություններ է հնարավոր իրականացնել՝ աշխատելով Հայաստանում։ 

Ճամբարի ավարտից հետո վերլուծություն է իրականացվում, նաև ուսումնասիրում են մասնակիցների կարծիքները ճամբարի ծրագիրը շարունակաբար կատարելագործելու համար։ Սահակյանը նշեց՝ հաջորդ  «Տիեզերական ճամբարը» կընդլայնի իր աշխարհագրությունը, որոշակի բազմազանություն կունենա:

  • Կիսվել: