երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2024 թվականին հիմնովին կվերանարոգվի Նոր Հաճնի պոլիկլինիկայի շենքը

2024 թվականին հիմնովին կվերանարոգվի Նոր Հաճնի պոլիկլինիկայի շենքը

InfoPort.am «Առողջապահություն» խորագրի ներքո առիթ ունեցել ենք անդրադառնալու Կոտայքի մարզի Նոր Հաճնի պոլիկլինիկայում վերջին տարիներին կատարված բարեփոխումներին և իրականացվող ծրագրերին: Բուժանձնակազմն ու բուժառուները պնդում են, որ պոլիկլինիկայի տնօրեն Մարինե Արզումանյանի  պաշտոնավարումից սկսած բուժհաստատությունը նոր շունչ է առել, ծառայությունների որակը էականորեն բարձրացել է: Նկատենք, որ  դեռեւս նախորդ տարում պոլիկլինիկան համալրվել է որակյալ նեղ մասնագետներով, ինչը հատկապես մարզային ամբուլատորիաների համար լուրջ խնդիր է:

Մարինե Արզումանյանը նշում է, որ կատարված բարեփոխումների շրջանակում պոլիկլինիկայի «Շտապօգնության ծառայության» ֆելդշերական բրիգադը փոխարինվել է պրոֆեսիոնալ բժշկական անձնակազմով:

Բայց այսքանով Նոր Հաճնի պոլիկլինիկայի տնօրենը չի սահմանափակվել եւ առաջնային օղակի զարգացմանը, ծառայությունների բարելավմանը եւ ընդլայնմանը ուղղված  քայլերը շարունակական բնույթ են կրում: InfoPort.am-ի հետ զրույցում տնօրենը, խոսելով պոլիկլինիկայի նոր ձեռքբերումների մասին, փաստեց.

-Նոր Հաճնի պոլիկլինիկան բնակչության առողջության առաջնային պահպանման  եւ հիվանդությունների կանխարգելման որակյալ եւ անվտանգ  բժշկական ծառայությունների տրամադրման համար ունի առաջնային անհրաժեշտության ախտորոշման բոլոր լաբարատոր գործիքային սարքավորումները: Լաբարատոր հետազոտությունների մակարդակը բարելավվելու, հետազոտությունների ցանկը ընդլայնելու համար այս տարի ձեռք ենք բերել իմունաֆերմենտային ախտորոշիչ լաբարատոր սարքավորում, որով կատարվում են բուժառուների հորմոնալ, վիտամինային եւ ֆերմենտային հետազոտությունները: Աշխատանքներ են տարվում, որպեսզի  պոլիկլինիկայի ռենտգեն եւ սոնոգրաֆիկ սարքավորումները փոխարինվեն  ավելի ժամանակակից եւ ավելի ֆունկցօոնալ սարքավորումներով:

Խոսելով առկա խնդիրների մասին տիկին Արզումանյանը մատնանշում է առաջնահերթ խնդիրը եւ այս հարցում արդեն իսկ գրանցած հաջողությունը.

-Խնդիրներից ամենակարեւորը պոլիկլինիկայի շենքային պայմաններն են, շենքը ունի հիմնանորոգման կարիք: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մարզային իշխանությունների անմիջական աջակցությամբ , կարողացել ենք Նոր Հաճնի պոլիկլինիկայի շենքը ներառել Առողջապահության նախարարության ԾԻԳ ծրագրում, որի արդյունքում 2024թ.-ին նախատեսված է Նոր Հաճնի պոլիկլինիկայի շենքի հիմնանորոգումը։

Տեղացիները խոսելով պոլիկլինիկական ծառայությունների մասին փաստում են. «Այսօր, շնորհիվ բանիմաց եւ պրոֆեսիոնալ ղեկավարի, ունենք իրոք 21-րդ դարին համահունչ պոլիկլինիկական ծառայություններ մատուցող կենտրոն, միակ մինուսը շենքային պայմաններն են: Բայց սա այն դեպքն է, որ վստահ կարող ենք ասել` շենքին մի նայեք, ներսում պրոֆեսիոնալներ են ու սրտացավ մարդիկ»։

 

  • Կիսվել: