կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զոհվածի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի կալանքի որոշումը բողոքարկվել է. Բաբայան

Զոհվածի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի կալանքի որոշումը բողոքարկվել է. Բաբայան

Տաթևիկ Վիրաբյանի կալանքի որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան: Հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Բողոքում մեր գրասենյակի փաստաբան Ռուդիկ Դոլունցը մի հիանալի վերլուծություն է կատարել, առաջարկում եմ կարդալ․

Դատարանն իր որոշմամբ նշել է՝ Տաթևիկ Վիրաբյանը ենթադրյալ հանցանքը կատարել է «երկրում ստեղծված՝ հետպատերազմյան խնդիրներով ողողված իրավիճակում, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական ծանր իրադրության ու անդառնալի կորուստների և դրանցով պայմանավորված՝ հասարակության և պետության օրինական շահերին ու պետական անվտանգության և հասարակական կարգին անմիջականորեն սպառնացող վտանգի պայմաններում»։

Ի պատասխան սույն գնահատականի՝ Ռուդիկ Դոլունցը բողոքում նշել է՝

«Նախ նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը դե յուրե վերջին տասնամյակում որևէ պետության հետ պատերազմի մեջ չի եղել։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը դե ֆակտո գտնվել է պատերազմի մեջ, ապա հարկ ենք համարում նշել, որ նշված ժամանակահատվածից անցել է երեք տարի և այդ երեք տարիների ընթացքում ըստ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնատար անձանց, այդ թվում նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը զարգանում է շատ լավ և զարթոնք է ապրում։ Ինչ վերաբերում է վերջին օրերին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողություններին, ապա պետք է նշել որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմիցս, այդ թվում երկու օր առաջ տարածել է պաշտոնական հայտարարություն այն մասին, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան: Ինչպես նաև վերջին շրջանում ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որ ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ն սոսկ հետևում է զարգացումներին։

Վերոգրյալ վերլուծությունից ստացվում է, որ ՀՀ պաշտոնատար անձանց կողմից բոլոր պնդումները, որ հաղթահարվել են հետպատերազմյան (դե ֆակտո) բոլոր խնդիրները՝ Առաջին ատյանի դատարանի կողմից հերքվել է վիճարկվող որոշմամբ»,- գրել է փաստաբանը։

  • Կիսվել: