հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Ժողովուրդ».  Իրավապահ համակարգը՝ դժվար կացության մեջ. ինչ ճակատագիր է սպասվում երեք ուժերի դիմումին

«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը՝ դժվար կացության մեջ. ինչ ճակատագիր է սպասվում երեք ուժերի դիմումին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին ՀՅԴ, ԲՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են ներկայացրել հաղորդում՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ՝ կապված խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման հետ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե ինչ ընթացք կունենա ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացրած դիմումը: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Դիմումը քննարկվում է»: Սակայն պարզվում է՝ դիմումից հետո իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ իրավապահների մոտ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում բուռն քննարկումներ են ընթանում. մասնագետները տարակուսած են՝ ինչպես վարվել: Եվ չնայած Աբրահամյանն այլ մանրամասներ չհայտնեց մեզ, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր, ամենայն հավանականությամբ, արդեն հստակություն կլինի, թե ինչ ճակատագրի է արժանանալու երեք ուժերի կողմից ներկայացված դիմումը: Իրավապահ համակարգում քննարկվում է տարբերակ, որ ՀՀ դատախազությունը երեք ուժերի կողմից ներկայացված դիմումի հետագա ճակատագիրը որոշելու համար ուղարկի նախաքննական մարմիններից որեւէ մեկին՝ թերեւս այն մերժելու հեռանկարով։ Ամեն դեպքում, հետաքրքիր իրավիճակ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: