երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Զենք կրելու արգելքի ցանկը պետք է լիներ լիբերալ. Այնտեղ պետք է լինեին միայն հոգեկան հիվանդներն ու նարկոմանները. Վարդանով

Զենք կրելու արգելքի ցանկը պետք է լիներ լիբերալ. Այնտեղ պետք է լինեին միայն հոգեկան հիվանդներն ու նարկոմանները. Վարդանով

Այն պայմաններում, երբ մենք շրջապատված ենք ՝ օսմանյան թուրքերով ու մերձկասպյան թուրքերով, երբ ամեն րոպե հարձակման վտանգի տակ ենք, կարծում էի, որ նման պայմաններում զենք կրելու արգելքների  ցանկը կլիներ ավելի լիբերալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ասուլիսի ժամանակ նշեց «ՈՄԱ» («Ողջ մնալու արվեստ») լեռնահրաձգային գումարտակի հրամանատար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Վովա Վարդանովը:

«Այսինքն արգելվածների ցանկում պետք է լինեին միայն հոգեկան հիվանդությունները եւ նարկոմանիան ու վերջ: Հիմա եթե մարդը բրոնխիալ ասթմա ունի, ուրեմն ինքն իրավունք չունի ինքնապաշտպանվելու եւ իր երեխաներին պաշտպանելո՞ւ: Իմ փոքր տղան սրտի պրոբլեմ ունենալով, մի կերպ, կռվով-դավով գնաց բանակ, դարձավ սպա, հիմա ինքը փաստորեն  իրավունք չի ունենա՞ զենք կրելու: Կամ ասենք այրվածքից ձեռքի մի քիչ կռկված է:

Ինձ թվում է, որ շատ պաշտոնյաներ կտրված են իրականությունից, իրենց թվում է, որ իրենք ապրում են Վացլավ Հավելի Չեխիայում եւ Սլովակիայից խաղաղ բաժանվելու պրոցեսի մեջ են: Երեւի փոթորիկը մի օր իրենց կիջեցնի գետնին, բայց ցավալի հետեւանքներ կարող են լինել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել այն ցանկում, թե ովքեր իրավունք չունեն զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու:

Ըստ այդմ, զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանում նրանք, ում մոտ առկա է`

  1. հոգեկան խանգարումների տեսակներ
  2. նյարդային համակարգի հիվանդություններ
  3. վնասվածքների հետևանքներ
  4. վիրաբուժական մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող,
  5. ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ
  6. զարգացման արատներ
  7. վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ:

  • Կիսվել: