ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է ոստիկանին հարվածելու կասկածանքով

Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է ոստիկանին հարվածելու կասկածանքով

Ընդդիմադիրների հավաքներին մասնակցող Իգոր Խաչատուրովը, ով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է, երեկ ձերբակալվել է՝ ոստիկանին հարվածելու կասկածանքով։

Ըստ Քննչական կոմիտեի, ոստիկանը ստացած հարվածից կորցրել է գիտակցությունը։

Կոմիտեից հաղորդում են, որ նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ առավոտյան ժամը 08:30 ընդդիմության աջակիցները փակել էին Երևանի փողոցներից մեկը։

«Նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապահից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի արդյուքնում վերջինս կորցրել է գիտակցությունը։ Պարզվել է ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ով քաղաքացի Իգոր Յուրիի Խաչատուրովն է», - մանրամասնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Նախկին բարձրաստիճան զինվորականի որդուն վերագրող արարքը պատժվում է դրամական տույժից մինչև առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ։

Ընդդիմադիրները երեկ Ֆրանսիայի հրապարակի հարթակից հայտարարեցին, թե բոլոր բերման ենթարկվածները քաղբանտարկյալներ են, և որ ոստիկանությունն իրենց աջակիցներին վերագրում է արարքներ, որոնք նրանք չեն կատարել։

«Սուտ են ասում, փաստ չունեն։ Ոստիկանությունը Նիկոլի հրահանգով կոնկրետ սադրանքների է դիմում, էս էլ որերորդ դեպքն է, ֆիքսված ունեն մարդիկ, ում ուզում են, կեղծ, շինծու մեղադրանքներով, կարված գործերով տանել ձերբակալման։ Էս արդեն ակնհայտ փաստ», - ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

  • Կիսվել: