Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ բոլոր դեպքերը կդառնան հանրային մեղադրանքի առարկա
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից սկսվել է լայնամասշտաբ արշավ ընտանեկան բռնության դեմ, որի նպատակն է կանխարգելել բռնությունն ընտանիքում՝ թույլ չտալով դրա տեղի ունենալը, ապահովել արդյունավետ քննություն և ձևավորել զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ։
Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 3-ի նիստում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ արշավի շրջանակում մշակվել է օրենսդրական նախագծերի փաթեթ։ Դրա հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։
Փաթեթով առաջարկվող փոփոխությունների առաջին ուղղությունը վերաբերում է Քրեական օրենսգրքի մակարդակում ընտանեկան և կենցաղային բռնությունից պաշտպանության ուժեղացմանը։
«Ընտանեկան և կենցաղային բռնությունը ճանաչվում է որպես առանձին երևույթ։ Այս ուղղությամբ հարաբերությունները Քրեական օրենսգրքում դիտարկվում են որպես առանձին հոգածության առարկա և առանձին գլուխներով նախատեսվում են որպես ինքնուրույն հանցակազմեր։ Նաև խստացվում է դրանց համար պատասխանատվությունը»,- ասաց նախարարը։
Երկրորդ ուղղությունը վերաբերում է քրեական վարույթի շրջանակում տուժողի պաշտպանության ուժեղացմանը։ Գործող օրենքով բեռը դրվում է բռնության զոհի վրա, և նա պետք է ներկայացնի հաղորդում։
«Նախագծով հեղինակներն առաջարկում են այս դեպքում չկապել գործընթացը տուժողի բողոքի կամ հաղորդման հետ և բոլոր դեպքերը դարձնել հանրային մեղադրանքի առարկա, այսինքն՝ բոլոր դեպքերում պետությունն արձագանքելու է, սկսվելու է քրեական վարույթ, և պատշաճ կերպով գնալու ենք հետագա ընթացքով։ Կարևոր է, որ բացառում ենք գործընթացի ընթացքում հաշտության գործընթացը, որովհետև լինում է, որ համոզելով անձինք հետ են վերցնում հաղորդումները։ Այս դեպքում պետությունը գնալու է մինչև վերջ և պատասխանատվության է ենթարկելու բռնարարին»,- ասաց նա՝ հավելելով, որ նախատեսվում է սահմանափակել նաև տուժողի կրկնակի հարցաքննությունը և արգելել տնային կալանքը այն դեպքում, երբ տուժողն ու մեղադրյալը շարունակում են բնակվել նույն տանը։
Երրորդ ուղղությունը վերաբերում է պաշտպանության միջոցներին։ Նախազգուշացումը՝ որպես պաշտպանության ինստիտուտ, կվերացվի, քանի որ այն արդյունավետ չէ։ Նախազգուշացումից հետո, որպես կանոն, կրկնակի բռնության դեպքեր են արձանագրվում։
Բռնության դեպքում, որպես կանոն, պաշտպանության է վերցվում բռնության զոհը և տեղափոխվում անվտանգ միջավայր, սակայն նոր փաթեթով առաջարկվում է, որ բռնություն կատարողն է դուրս բերվում ընդհանուր միջավայրից՝ ապահովելով զոհի անվտանգությունը։ Նաև պարտադիր պայման է դառնում, որ բռնության վայր ժամանած ոստիկանն ունենա կրծքին ամրացված տեսախցիկ։
Չորրորդ փոփոխությունը, ըստ նախարարի, վերաբերում է պատժի ձևին, որի շրջանակում նախատեսվում է բռնարարի համար զուգահեռ ռեաբիլիտացիայի կազմակերպում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ընտանիքում բռնության կանխարգելման ինստիտուտն ընդունվել է տարիներ առաջ, երբ ինքը պատգամավոր էր, սակայն այն ընդունվել է միջազգային կառույցների պահանջի պայմաններում, մինչդեռ պետությունը խնդրին լրջությամբ չի առերեսվել։
«Հիմա համակարգը ո՞նց է աշխատում. դեպք է տեղի ունենում, հիմնականում, բնականաբար, զոհին ասում են՝ դե հաշտվի՛ր, և, ըստ էության, հետ են մղում նույն իրավիճակի մեջ։ Բռնության զոհն իրեն զգում է դատապարտված, հայտնվում է մի իրավիճակում, որ պետությունն ասում է՝ գնա՛, դե ամիսը, շաբաթը մի անգամ էլ ծե՛ծ կեր»,- ասաց նա և հավելեց. «Առերեսվում ենք դեպքի, երբ տանը կարող են ոտքերից կախել, ծեծել, ծեծի արդյունքում ողնաշար ջարդել և այլն։ Մենք հասկանում ենք, որ այստեղ ուրիշ մեթոդներ են պետք, իսկ ուրիշ մեթոդը… Ինչքան հասկանում եմ՝ նախաձեռնության հեղինակների ցանկությունն այն չէ, որ դեպքերը լինեն, իրավապահները տանեն, պատժեն։ Ամենակարևոր նպատակն այն է, որ բարձրաձայն հայտարարվի՝ մի՛ արեք, որովհետև եթե անեք, լինելու է կոշտ արձագանք։ Հիմա այդ համակարգի մեջ ճեղքերը սրանով փորձ է արվում փակել»։



