ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պատվիրակությունը Շվեդիայում ծանոթացել է թվային ծառայությունների և ՏՏ համակարգերի ներդրման փորձին

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պատվիրակությունը Շվեդիայում ծանոթացել է թվային ծառայությունների և ՏՏ համակարգերի ներդրման փորձին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի գլխավորած պատվիրակությունը «Միգրացիայի կառավարման և ինտեգրման ամրապնդում․ Շվեդիա-Հայաստան երկկողմ նախաձեռնություն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Շվեդիայի Թագավորությունում էր։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

Այցի հիմնական նպատակը Շվեդիայի Միգրացիոն գործակալության կողմից իրականացվող թվային ծառայությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի զարգացման, ներդրման և կառավարման փորձին ծանոթանալն ու այդ գործընթացներն ապահովող մեխանիզմներն ուսումնասիրելն էր։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և Շվեդիայի Միգրացիոն գործակալության գլխավոր տնօրեն Մարիա Մինդհամարը նախանշելով «Միգրացիայի կառավարման և ինտեգրման ամրապնդում․ Շվեդիա-Հայաստան երկկողմ նախաձեռնություն» ծրագրի առաջիկա չորս տարիների համագործակցության հիմնական ուղղությունները՝ միջոցառման մասնակիցներին մաղթել են արդյունավետ աշխատանք։

 

Այցի ընթացքում քննարկվել են

թվային ծառայությունների և ՏՏ համակարգերի կայուն զարգացման և կառավարման հարցեր,

միգրացիոն կառավարման ոլորտում անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության ապահովման մեխանիզմները,

ՏՏ աջակցության և ծառայությունների կառավարման արդյունավետ կազմակերպման փորձը,

փաստաթղթերի ստուգման և վավերականության ապահովման գործընթացները,

արխիվային և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կառավարման համակարգերը,

ԵՄ միգրացիայի և ապաստանի նոր քաղաքականություններին առնչվող հարցեր։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը հանդիպում է ունեցել նաև Շվեդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանի հետ։

Քննարկվել են նոր կենսաչափական համակարգի ներդրման համատեքստում դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում ծառայությունների կազմակերպման գործընթացներին վերաբերող հարցեր։

  • Կիսվել: