կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ընդդիմադիր ոչ մի պատգամավոր չի կարող ինչ-որ մի բանով ավելի լավը լինել, քան՝ Դուք. Ալեքսանյանը՝ Էդգար Ղազարյանին

Ընդդիմադիր ոչ մի պատգամավոր չի կարող ինչ-որ մի բանով ավելի լավը լինել, քան՝ Դուք. Ալեքսանյանը՝ Էդգար Ղազարյանին

Հարգելի պարոն արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար, տնտեսագիտության դոցենտ, վարչապետի նախկին թեկնածու, ներկայիս ՄԻՊ թեկնածու ուրախ եմ, որ այստեղ եք: Շատ զարմացած եմ, թե ինչու մեր ընդդիմադիր գործընկերներն այստեղ չեն, չգիտեմ ինչու են ամաչում այն փաստից, որ ներկայացրել են Ձեր թեկնածությունը, կարծում եմ՝ այդտեղ ամոթալի շատ մեծ բան չկա, ամաչելու ոչինչ չկա։

Այս մասին այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում դիմելով ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նորից դիմելով Ղազարյանին՝ Ալեքսանյանն ասաց. «Պարոն Ղազարյան, ես գտնում եմ, որ Դուք ընդդիմության շարքերում թե՛ պարկեշտությամբ, թե՛ մնացած բոլոր որակներով մի քանի անգամ գերազանցում եք Ձեզ առաջադրած մարդկանց: Ինձ համար շատ կարևոր է, որ ընդդիմությունը վերջապես գիտակցել է, որ իր ներսի լավագույն սերուցքը, իր ներսի ամենաներկայանալի անձը Դուք եք՝ պարոն Ղազարյան:

Սա շատ կարևոր արձանագրում է, ես ողջունում եմ ընդդիմության կողմից այդ հաստ շրիֆտով փաստի ընդունումը և այսուհետ ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է մեր ընդդիմադիր գործընկերներին դիտարկենք հենց Ձեր պրիզմայով, այսինքն՝ գիտակցելով, որ ընդդիմադիր ոչ մի պատգամավոր չի կարող ինչ-որ մի բանով ավելի լավը լինել, քան՝ Դուք»:

  • Կիսվել: