ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վլադիմիր Վարդանյանը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել

Վլադիմիր Վարդանյանը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել

2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։ Այդ կերպ Մ. Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել է նիստի բնականոն ընթացքը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ ԱԺ պատգամավոր Մ. Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել է և տարվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության բաժին։

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Վերջինս վարույթի շրջանակում ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք, անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարվում նաև ձերբակալված Մ. Սահակյանի հետ։

Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները՝ պատգամավորի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել իշխող և ընդդիմադիր պատգամավորների միջև։  ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասներ հասցրել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Վարդանյանը դիմել է հիվանդանոց դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով, վիճակը բավարար է, դուրս է գրվել։ 

InfoPort.am-ի տեղեկություններով իշխանական Վարդանյանին ծեծած ընդդիմադիր վարորդ-պատգամավոր Սահակյանը միջադեպից հետո թաքնվել է ԱԺ կանանց զուգարանում։
 
InfoPօrt.am-ին նաև հայտնի է դարձել ծեծկռտուքի պատճառը։ Մասնավորապես, երբ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սկսել է խոսել ՀՀ ՍԴ կողմից սահմանադրական ճանաչված Հռոմի ստատուտի մասին, դաշնակցական Մհեր Սահակյանը նրան հարցրել է, թե ինչ կարծիք ունի Ռուսաստանի առարկություններին այդ հարցի շուրջ։ Վլադիմիր Վարդանյանն էլ նրան ասել է, որ լռի ու լսի, թե ինչ կարծիք ունի, որից էլ սկսել է քաշքշուկը ու հարվածները։

  • Կիսվել: