երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված

Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կշարունակի մնալ ձերբակալված։ Վ.Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոքը մերժվել է։

Հիշեցնենք, որ Վ. Բալասանյանը ձերբակալվել է նախօրեին ԱՀ Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք  կատարելու կասկածանքով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Ինչպես ավելի վաղ հայտնել էր InfoPort.am-ը, Վիտալի Բալասանյանի որդուն բերման են ենթարկել դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ որպես հումանիտար օգնություն Արցախ եկած ծխախոտը՝ շրջափակման օրերին նրա կողմից իրացնելու համար։
 
Երբ իրավապահները եկել են խուզարկելու Բալասանյանների բնակարանը և առգրավելու ծխախոտը, Վիտալի Բալասանյանը նրանց դիմադրություն է ցույց տվել, ինչի հետևանքով էլ ձերբակալվել է։ Երեկ երեկոյան Բալասանյանի որդուն ազատ են արձակել, ինքը՝ Վիտալի Բալասանյանը դեռևս ձերբակալված է։

  • Կիսվել: