Վալոդյա Գրիգորյանի սպшնության գործով հիմնական դատաքննությունն է սկսվել (ուղիղ
Այսօր՝ մարտի 10–ին, շարունակվում է Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը։ Առաջին նիստը կայացել է հունվարի 23–ին, իսկ փետրվարի 9–ին նախատեսված նիստը հետաձգվել է՝ կողմերի չներկայանալու պատճառով։
Փետրվարի 20–ին կայացած նիստում հայտարարվեց, որ Վալոդյա Գրիգորյանի հայրը՝ Լևոն Գրիգորյանը, ով գործով հանդիսանում է որպես տուժող, դիմել է դատարանին և խնդրել, որ չմասնակցի դատական նիստերին, քանի որ դա իրեն պատճառում է հոգեբանական ցավ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։



