հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սխալ մոտեցում է, երբ որոշ լրատվամիջոցների ստիպել են հեռացնել ՀՀ-ի հետ կապ չունեցող երկրների մասին լուրերը. պատգամավոր

Սխալ մոտեցում է, երբ որոշ լրատվամիջոցների ստիպել են հեռացնել ՀՀ-ի հետ կապ չունեցող երկրների մասին լուրերը. պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը  կարծում է, որ եթե ինչ-որ մեկը գրում է, որ, օրինակ, մի գյուղում կորոնավիրուսով վարակվել է 700 հոգի, և դա կեղծ տեղեկատվություն է, բնականաբար, այդ կեղծ տեղեկատվություն գրողը պետք է ենթարկվի պատասխանատվության:

Այս մասին այսօր նա ասաց Ազգային ժողովում ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի հրատապ քննարկման ժամանակ:

«Բայց եթե միջազգային մամուլը գրում է, որ, օրինակ, Թուրքիան և Ադրբեջանը թաքցնում են կորոնավիրուսով վարակվածների իրական թվերը, և մեզ մոտ այդ լուրը տարածվում է, ապա ես չեմ հասկանում՝ ինչու մենք պետք է տարածողին ենթարկենք պատասխանտվության»,- արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հետարքրքվեց նա:

Պատգամավորը հավելեց, որ սահմանափակումները պետք է վերաբերվեն Հայաստանի վերաբերյալ տեղեկատվությանը, որոնք կարող են խուճապ առաջացնել. «ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ ՀՀ կառավարությունը չի ստում իր քաղաքացիներին, միշտ ազնիվ է և դրանով Հայաստանը տարբերվում է աշխարհի շատ երկրներից: Եթե եղել են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցների ստիպել են հեռացնել Հայաստանի հետ կապ չունեցող երկրների վերաբերյալ հրապարակումները, ապա, ինձ թվում է, որ դա սխալ մեկնաբանություն է»:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը, ոիրը միաձայն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

  • Կիսվել: