չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պաշտպանյալս որեւէ հակաիրավական վարքագիծ չի դրսեւորել, նրա քթի վրա ծխախոտ են հանգցրել․ պաշտպան

Պաշտպանյալս որեւէ հակաիրավական վարքագիծ չի դրսեւորել, նրա քթի վրա ծխախոտ են հանգցրել․ պաշտպան

Պաշտպանյալս որեւէ հակաիրավական վարքագիծ չի դրսեւորել, նրա քթի վրա ծխախոտ են հանգցրել, որոշ հատվածներ այրված են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Կարեն Ալավերդյանի պաշտպանյալի նկատմամբ բռնության գործով պաշտպան Մարիամ Աբրահամյանը:

«Մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար է նա ոստիկանությունում ենթարկվել դաժան ծեծի եւ խոշտանգման: Ունի բավականին վնասվածքներ, բժշկական հետազոտության է ենթարկվել եւ պարզվել է, որ ականջի թմբկաթաղանթի ամբողջականությունն է խախտված»,- նշեց Մարիամ Աբրահամյանը:

Պաշտպանը նաև հայտնեց, որ միայն իրենց մեծ ջանքերի շնորհիվ է, որ կարողացել են դատաբժշկական փորձաքննության որոշումը կայացնել, բայց կրկին այն ուշ է տեղի ունեցել․ «Նա սուր ցավեր է ունեցել ՁՎՊ-ում, այնտեղից նրան շտապօգնության մեքենան տարել է հիվանդանոց»:

Մարիամ Աբրահամյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. «Մենք երեկ այցելեցինք նրան, պարզվեց, որ նա կողերի հատվածում լուրջ ցավեր ունի: Նրան առաջիկայում սպասվում է ականջի վիրահատություն»:

Փաստաբանը իր խոսքում նաև նշեց, որ կալանքի միջնորդության քննության ժամանակ նույնպես իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ոստիկանների կողմից ոչ միայն բռնություն է կիրառվել, այլ նաեւ ձերբակալվել է: Բռնությունը գործադրվել է այն բանից հետո, երբ փաստաբանը ոստիկանների կողմից բռնության ենթարկված իր պաշտպանյալին փորձել է մասնագիտական աջակցություն ցուցաբերել:

  • Կիսվել: