շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարեկները հայտնաբերել են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող, միջազգային հետախուզման մեջ գտնվող 50-ամյա տղամարդուն

Պարեկները հայտնաբերել են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող, միջազգային հետախուզման մեջ գտնվող 50-ամյա տղամարդուն

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում Opel մակնիշի ավտոմեքենայում միջազգային հետախուզվող կա, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որպեսզի Opel-ը կարճ ժամանակում հայտնաբերեն ու նա չկարողանա տարածքից դուրս գալ, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ իրականացվում է օպերացիա ու արդեն Վարդանանց փողոցում 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Նարեկ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Մերի Վառյանը նկատում են կասկածելի Opel-ը և կանգնեցնում։

Պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին․ վարորդը, ով Արմավիրի մարզի բնակիչ, 50-ամյա Արաիկ Մ․-ն է, տեղափոխվում է ոստիկանության Մարաշի բաժանմունք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա միջազգային հետախուզման մեջ է գտնվում 2022 թվականի հոկտեմբերից Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասի «Ա կետի հատկանիշներով» (թրաֆիքինգ) մեղադրանքով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել կալանքը։

Ավտոմեքենան նույնպես տեղափոխվում է ոստիկանության Մարաշի բաժանմունք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: